Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․
Մի քանի օր առաջ ոչ լեգիտիմ ԱԺ-ի ամբիոնից մի ՔՊ-ական հերթական հակահայկական սադրանքն էր կատարել՝ բարբաջելով, թե իբր Լոռին վրացական տարածք է եղել։
Այժմ չեմ ծանրանա պատմականորեն սնանկ, բայց քաղաքականապես վտանգավոր այս հայտարարության վրա, քանի որ այն արդեն իսկ արժանացել է քննադատության։ Կբերեմ միայն մի քանի չոր տեղեկություն՝ վերցված իմ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» (Եր., 2022) գրքից (տե՛ս էջ 36–38, 43–47, 389–390)։ Դրանք տարբեր բնույթի ու ծագման աղբյուրներից են՝ հայկական քաղաքական ծրագրերից ու պարսկական պաշտոնական վավերագրերից մինչև եվրոպացի ճանապարհորդների վկայություններ։
1) XVII–XVIII դարերում Իսրայել Օրին և հայ ազատագրական շարժման ներկայացուցիչները Լոռին աներկբայորեն համարում էին պատմական Հայաստանի մաս ու, հետևաբար, Քարթլիի սահմաններից դուրս գտնվող տարածք։ Այդ փաստը գիտակցվում ու որոշակիորեն արձանագրվում էր նաև Սեֆյան շահերի պաշտոնական գրագրության մեջ։ Այսպես, շահ Սուլթան-Հուսեյնի 1709 թ. 9 հուլ.–7 օգոստ. արձակած հրամանագրում նշված է, որ, թեև Լոռիում հաստատված Արղությանները ենթակա էին Քարթլիի վալիներին, այդ տարածքը Քարթլիին ընդամենը սահմանակից էր. «Այս օրերին Արղությանների տոհմը զեկուցեց մեզ, որ հին ժամանակներից ի վեր այն հաստատվել է Քարթլիական Վրաստանի սահմանների մոտակայքում, գտնվել դրա վալիների ենթակայության տակ և անձնուրացաբար ծառայել նրանց»։
2) 1817 թ. ապրիլին Լոռիով անցած ծագումով գերմանացի ռուսական բանակի սպա Մորից ֆոն Կոցեբուն հայտնում է, որ «Փոքր Հայաստանի հին մայրաքաղաք Լոռիում նախկինում եղել է վեց հազար առանձնատուն...» [«…Lori, the ancient capital of Armenia minor, which formerly contained six thousand houses»]։
Նախ, Փոքր Հայաստան ասելով, Կոցեբուն նկատի ունի, ըստ ամենայնի, Լոռու (Տաշիր-Ձորագետի) միջնադարյան թագավորությունը (982–1113), որի մայրաքաղաքն իրոք Լոռի բերդն էր։
Ճշտենք, որ խոսքն այստեղ կարող է վերաբերել միայն Լոռի գավառին, այլ ոչ, ինչպես շփոթել է ուղեգիրը, Լոռի բերդաքաղաքին, այլապես այն պետք է համարեինք Թիֆլիսից շուրջ երեք անգամ ավելի մարդաշատ բնակավայր (եթե անգամ յուրաքանչյուր «առանձնատան» մեջ միջին 10-ի փոխարեն հաշվելու լինենք ընդամենը 5 շունչ), որ հաստատապես այդպես չէր։ Իսկ Լոռու գավառում կարող էր 6000 հայկական առանձնատուն եղած լինել միայն նախքան 1724 թ., որից հետո այն քանիցս ավերել են օսմանյան ու պարսկական բանակները։ Արդ, եթե համեմատենք այս թվաքանակն Իսրայել Օրու Պֆալցյան ծրագրում եղած այն հաղորդման հետ, ըստ որի՝ 1699 թ. Լոռու գավառում նախատեսված էր զենքի տակ դնել 6000 հայ մարտիկ, ապա պարզ կդառնա, որ այդ 6 հազարը հավաքագրվելու էին Կոցեբուի հիշատակած 6000 հայ տներից, այն է՝ յուրաքանչյուր մարտիկ գալու էր մեկ առանձնատանը բնակվող, միջին հաշվով, 10-հոգանոց ընլայնված ընտանիքից։
3) Վերջապես, քաղաքական գործիչ ձևացող անմեղսունակներին տեղեկացնել է պետք նաև, օրինակ, հետևյալ խոսուն փաստը։ 1702 թ. Թիֆլիս այցելած ֆրանսիացի անվանի գիտնական-ճանապարհորդ Պիտ-տոն դը Տուրնեֆորը (1656–1708) արձանագրում էր, որ քաղաքում բնակվում էր 14,500 հայ (ներառյալ 500 կաթոլիկացած հայեր), 3000 մահմեդական և 2000 վրացի, ընդհանուր առմամբ՝ շուրջ 20,000 շունչ։ Պարզ է, սակայն, որ այս մասին ԱԺ ամբիոնից ՔՊ-ականները երբեք չեն խոսի։
Այս երեք փաստն ինքնին բավական է հասկանալու համար, թե պատմական ինչ հենք ունի Լոռին «վրացական տարածք» հռչակելու ներկայիս փորձը։ Բայց խնդիրը միայն պատմական տգիտությունը չէ։ Երբ նման հայտարարություն է հնչում Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից, այն արդեն քաղաքական նշանակություն ու հետևանքներ է ստանում։
Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես...








