Բաքվում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն և նրան բողոքի նոտա է ներկայացվել Եվրախորհրդարանի կողմից նախօրեին ընդունված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը» բանաձևի վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում խստորեն դատապարտվել են ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում մեր երկրի դեմ պարունակվող անհիմն և կողմնակալ դրույթները, և այդ կապակցությամբ դեսպանին բողոքի նոտա է ներկայացվել», - ասվում է հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը ընդգծել է, որ բանաձևի դրույթները «խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին և պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հանձնառությանը»։ Նշվել է, որ Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա, հավելվում է հայտարարության մեջ։








