Էջմիածնում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ցուցակում է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը։
Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Քարոզարշավին մասնակցում է Մանվել Գրիգորյանի կինը Նազիկ Ամիրյանը։ «Եթե նկատեցիք, մեր թիմում բոլորը այն մարդիկ են, ովքեր այս երկրի համար արյուն են տվել։ Բոլորս միասին որոշեցինք մասնակցել Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին, և մեր պայքարը սկսեցինք հենց Մայր Աթոռից», – նշեց Մանվել Գրիգորյանի կինը։
Նազիկ Ամիրյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա․ «ժամանակը ինքն իրեն մաքրեց և ցույց տվեց, որ Մանվել Գրիգորյանը եղել է և մնացել է հայրենասեր, հայ ազգին նվիրված զինվոր։ 2018 թվականի սարքված դեպքերն ու մոնտաժված կադրերը այլևս ազդեցություն չունեն», – ասաց նա։
Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալիս նոր կազմով՝ նպատակ ունենալով ակտիվ մասնակցություն ունենալ համայնքային կառավարման գործընթացում։