Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ ախտորոշվել է երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ։ Նա շարունակում է բուժում ստանալ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող DF Star հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկների հաղորդմամբ՝ թոքաբորբն ի հայտ է եկել նոյեմբերի 22-ին՝ փսխման դրվագից հետո, երբ հիվանդի մոտ նկատվել են թթվածնի հագեցվածության անկում, որովայնի փքվածություն և դող։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ ստամոքսի պարունակությունը ներթափանցել է շնչուղիներ՝ առաջացնելով թոքերի բորբոքում։
71-ամյա Բոլսոնարուն հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 20-ին՝ որովայնի ուժեղ ցավերի պատճառով։ Բժիշկները նրա մոտ նաև բարակ աղիքի գրեթե ամբողջական խցանում էին հայտնաբերել։ Էնդոսկոպիկ միջամտությամբ հեռացվել է ստամոքսում և բարակ աղիքի սկզբնական հատվածում կուտակված սննդային մանրաթելային զանգվածի մի մասը։
Բժշկական թիմի փոխանցմամբ՝ նախկին նախագահի վիճակը ներկայումս կայուն է, և նա դրական արձագանք է տվել բուժմանը։ Թոքաբորբը համեմատաբար ավելի թեթև է, քան մարտին արձանագրված նախորդ դեպքը։ Բոլսոնարուն ստանում է ներերակային հակաբիոտիկներ, իսկ բուժման նախատեսվող տևողությունը 7-10 օր է։ Նա դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոցից դուրսգրման հստակ ժամկետ չի նշվել, իսկ վիրահատության անհրաժեշտությունը կախված կլինի աղիքային վիճակի հետագա զարգացումից։








