Մայքլ Ջեքսոնի հանրահայտ կարմիր ու սև բաճկոնը կրկին աճուրդի կենտրոնում է։
«Thriller» տեսահոլովակում երգչի կրած հագուստի համար առաջարկն արդեն հասել է 8,5 միլիոն դոլարի։ Julien’s Auctions-ի պաշտոնական կայքում նշված այս գումարը ընթացիկ առաջարկն է․ վերջնական վաճառքի գինը կորոշվի աճուրդի ավարտին։
Աճուրդի են ներկայացվել երգչի ավելի քան 100 իր՝ բեմական հագուստներ, տեսահոլովակներում օգտագործված հանդերձանք և աքսեսուարներ։ Հավաքածուում ընդգրկված են նաև նրա հայտնի սպիտակ ձեռնոցն ու «լուսնային քայլի» ելույթի հետ կապված կոշիկները։ Իրերի մի մասը ստեղծել են Ջեքսոնի երկարամյա հագուստի դիզայներներ Դենիս Թոմփկինսն ու Մայքլ Բուշը։
Վաճառքի է հանվել նաև 1986 թվականին Ջեքսոնին շնորհված American Music Awards մրցանակը՝ «We Are the World» երգի ստեղծման գործում ունեցած ներդրման համար։ Այդ լոտի շուրջ արդեն գրանցվել է 33 առաջարկ, իսկ ամենաբարձրը հասել է 7 հազար դոլարի։
Աճուրդները կանցկացվեն դեկտեմբերի 7–9-ը Աբու Դաբիի Rosewood հյուրանոցում՝ Julien’s Celebrity & Pop Culture Experience ծրագրի շրջանակում։ Ջեքսոնի հավաքածուի երեկոյան վաճառքը նախատեսված է դեկտեմբերի 7-ին, իսկ ցերեկայինը՝ դեկտեմբերի 8-ին։








