«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները երեկ ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը նման կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին, և արդյոք սա ընդամենը քաղաքային խնդիրների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ։Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ բավականին հեգնական տոնով քննադատել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ մայրաքաղաքի մի կետից մյուսը հասնելու համար արդեն տիեզերագնացի առողջություն է պահանջվում։
Նա նաև ակնարկել էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինթույլտվություններ տրամադրելը, թերևս, ավելի հեշտ է, քան խցանումների խնդիրը լուծելը։Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր. «…թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը՝ առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։ՔՊ-ում, ըստ մեր աղբյուրների, այս հանգամանքն էլ աննկատ չի մնացել։ Ավելին՝ կուսակցության ներսում քննարկվող վարկածներից մեկն այն է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն դժգոհություն է հայտնում Տիգրան Ավինյանից, այլև հրապարակային կերպով ցույց է տալիս, որ համաձայն չէ իշխանության որոշումների ու գործելաոճի հետ։Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում այս իրավիճակի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան։ Մի մասը կարծում է, որ Աննա Հակոբյանն այս ակտիվությամբ քաղաքական դաշտում իր հնարավոր մուտքի համար է հող նախապատրաստում։ Մյուսները համոզված են, որ նրա թիրախում առաջին հերթին Տիգրան Ավինյանն է, և այս հրապարակային քննադատությունների նպատակը քաղաքապետի քաղաքական դիրքերի թուլացումն է՝ հատկապես Երևանի առաջիկա ընտրությունների համատեքստում։Իսկ ՔՊ-ականների մեկ այլ հատվածի գնահատմամբ՝ վարչապետի կնոջ պահվածքը շատ ավելի խորքային դժգոհության արտահայտություն է. ստացվում է, որ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից մեկը հրապարակային կերպով քննադատում է նրա թիմի ներկայացուցիչներին, իսկ որոշ արտահայտություններով՝ նաև իշխանության տարիներով ձևավորված քաղաքական գործելաոճը։Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին նոյեմբերի 17-ին արձագանքել է նաև Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարել է, որ խցանումները նյարդայնացնում են ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև իրեն ու բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը պետք է առաջարկի խնդրի լուծումները։Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում հերթական անհարմար իրավիճակն է ստեղծվել։ Երբ վարչապետի տիկինն է հրապարակային հարվածներ հասցնում սեփական թիմի քաղաքապետին, իսկ նրա խոսքում արդեն հեգնանքի առարկա է դառնում նաև իշխանության՝ նախկիններին մեղադրելու սովորույթը, հարց է առաջանում՝ սա ընդամենը խցանումների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ՔՊ-ի ներսում հասունացող ավելի լուրջ հակասությունների արտահայտություն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում