Հունգարիայում 2026 թվականի ամառը 1901 թվականից ի վեր ամենաչորն է եղել և ջերմաստիճանով՝ երկրորդը։ Այս մասին հայտնում է երկրի օդերևութաբանական ծառայությունը՝ HungaroMet-ը։ Երկրի տարածքում միջինում ընդամենը 74,1 մմ տեղում է գրանցվել՝ 1991-2020 թվականների միջին ցուցանիշի ընդամենը 36 տոկոսը։
Ամառային միջին ջերմաստիճանը կազմել է 23,43 աստիճան ցելսիուս՝ 2,59 աստիճանով գերազանցելով բազմամյա նորման։ Երաշտը սկսվել էր դեռևս 2025 թվականի երկրորդ կեսին, իսկ 2026-ի գարնանը տեղումների պակասը շարունակվել է․ ապրիլին տեղացել է սովորական ամսական քանակի ընդամենը մոտ 10 տոկոսը։
Անձրևների պակասի և բարձր ջերմաստիճանի հետևանքով հունիսի վերջին երկրի գրեթե ամբողջ տարածքում հողի վերին՝ մեկ մետրանոց շերտում ջրի պակասը գերազանցել է 100 մմ-ը։ Օգոստոսի վերջին գյուղատնտեսական երաշտը երկրի տարածքի մոտ կեսում հասել էր ծանր մակարդակի։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպան նույնպես ստորերկրյա ջրերի պակասից առավել տուժած տարածաշրջանների շարքում են, նշում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։ Հունգարիայում ստորերկրյա ջրերի մակարդակը միջինում 1,4-1,7 մետրով ցածր է համարվում օպտիմալից։
Մասնագետների խոսքով՝ նույնիսկ աշնանային տեղումները չեն վերացնի ջրի պակասի խնդիրը։ Իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է ոչ միայն փոխել գյուղատնտեսական գործելակերպը, այլև ներդրումներ կատարել ջրային ենթակառուցվածքներում՝ անձրևաջրերն ու գետերի ջուրը պահելու, այլ ոչ թե արագ հեռացնելու համար։








