ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը այն ծրագրին, որն ընկերություններին թույլ է տալիս H-1B վիզաներով օտարերկրյա աշխատողների համար գրին քարտեր ձևակերպել, հաղորդում է Associated Press-ը։
Վարչակազմում տեխնոլոգիական հսկային մեղադրել են համակարգը չարաշահելու մեջ։
Որոշման մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ըստ նրա՝ ընկերությունները նախ պետք է Աշխատանքի նախարարությանը ապացուցեն, որ չեն կարողացել ամերիկացի աշխատողներ գտնել կոնկրետ թափուր հաստիքների համար, նախքան օտարերկրյա մասնագետի համար գրին քարտ ստանալուն հասնելը։
«Ցավոք, ԱՄՆ-ում ոչ մի ընկերություն այս համակարգից ավելի շատ չի օգտվել, քան Microsoft-ը»,- հայտարարել է Վենսը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցում։
Նա պնդում է, որ անցյալ տարի Microsoft-ը կրճատել է 6 հազար ամերիկացի աշխատակցի՝ միաժամանակ ստանալով 6300 H-1B վիզա և գրեթե 3 հազար գրին քարտ օտարերկրյա աշխատողների համար։
«Եթե հաշվենք, ապա ստացվում է, որ Microsoft-ի կողմից աշխատանքից ազատված յուրաքանչյուր ամերիկացի աշխատողի դիմաց ընկերությունը նրան փոխարինել է մեկուկես օտարերկրյա վարձու աշխատողով»,- ասել է Վենսը։
Նա նաև H-1B վիզաներով աշխատողներին անվանել է «փաստացի օտարերկրյա վարձու ծառաներ»՝ դա բացատրելով նրանով, որ աշխատանքի կորուստը կարող է հանգեցնել ԱՄՆ-ից հեռանալու անհրաժեշտության։ Վենսը հայտարարել է նաև, որ նման աշխատակիցները համանման պաշտոններում զբաղված ամերիկացիներից ավելի քիչ են վարձատրվում։
Microsoft-ը, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սիեթլի մոտակայքում գտնվող Ռեդմոնդում, առայժմ չի մեկնաբանել վարչակազմի որոշումը։
H-1B ծրագիրը նախատեսված է ԱՄՆ-ում որակավորված մասնագետներ ներգրավելու համար այն պաշտոններում, որոնց համար ընկերություններին դժվար է աշխատողներ գտնել երկրի ներսում։ Տեխնոլոգիական ընկերությունները մնում են ծրագրի ամենախոշոր օգտվողները, ընդ որում տրված վիզաների գրեթե երեք քառորդը ստանում են Հնդկաստանից եկած մասնագետները։
Microsoft-ի նկատմամբ այս որոշումը դարձել է Թրամփի վարչակազմի ավելի լայն արշավի մի մասը՝ ուղղված օտարերկրյա աշխատողների և ուսանողների համար նախատեսված առանձին ծրագրերի դեմ։ Վենսը միաժամանակ քննադատել է համալսարանների կողմից J-1 վիզաների օգտագործումը օտարերկրյա ուսանողների համար և կոչ է արել հետաքննել հնարավոր խախտումները ինը ուսումնական հաստատություններում, դրանց թվում՝ Հարվարդում, Յեյլում, Սթենֆորդում, Բրաունում, Պիտսբուրգի համալսարանում, Դևիսում Կալիֆոռնիայի համալսարանում, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Արիզոնայի նահանգային համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
Նախօրեին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն առաջարկել էր 70 հազար դոլարի չափով վճար սահմանել Optional Practical Training ծրագրին մասնակցող օտարերկրյա ուսանողների համար. ծրագիր նրանց թույլ է տալիս ուսման ընթացքում կամ դրանից հետո իրենց մասնագիտությամբ աշխատել ԱՄՆ-ում։








