Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ և ցուցաբերել բանակցությունների պատրաստակամություն։ Այս կոչով նա հանդես է եկել կիրակի օրը Կիև կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է dpa-ն։
«Պարոն Պուտին, կանգնեցրե՛ք այս անիմաստ պատերազմը։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք միմյանց հետ խոսել այս պատերազմի ավարտի մասին։ Բայց Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն», — հայտարարել է Մերցը։
Կանցլերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին այցելել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիա, որը տուժել էր անօդաչու թռչող սարքի հարվածից։ Մերցի՝ Կիև կատարած այցի ընթացքում քաղաքում մի քանի անգամ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Ավելի վաղ կիրակի օրը հարվածի էր ենթարկվել ուկրաինական մայրաքաղաքի հյուսիսում գտնվող կամուրջը։
Ելույթ ունենալով Գիտությունների ակադեմիայի ավերված շենքի մոտ՝ Մերցը հայտարարել է, որ նման հարձակումները, իր կարծիքով, ցույց են տալիս պատերազմի անիմաստությունը։ Նա նշել է, որ ակադեմիայի վրա հարվածը տեղի է ունեցել Կիևի կենտրոնում՝ Գերմանիայի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
«Այսօր առավոտյան, խաղաղ կիրակի օրը, Կիևում կրկին հնչել է օդային տագնապը։ Սրանք ռազմական հանցագործություններ են, որոնք այստեղ կատարվում են ամեն օր», — ասել է կանցլերը։
Մերցը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ամեն օր հարվածներ հասցնել Ուկրաինայի ենթակառուցվածքներին այն ժամանակ, երբ երկիրը պատրաստվում է ձմռանը։
«Մենք կարող ենք խոսել, բայց միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն — և զենքերը պետք է լռեն», — հայտարարել է կանցլերը՝ կրկին կոչ անելով Ռուսաստանի ղեկավարությանը դադարեցնել պատերազմը։
Անօդաչու թռչող սարքը ցերեկային ժամերին խոցել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը։ Հարվածի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով ոչնչացվել է պատմական շենքի երկու հարկը։ Զոհվել է մեկ կին, շուրջ վեց մարդ վնասվածքներ է ստացել։








