Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ են մտցրել: Հոկտեմբերի 2-ին տեղի իշխանությունները հայտնել էին «առանձնապես վտանգավոր վարակի» կասկածի մասին:
Իրկուտսկի ալյումինի գործարանի տնօրեն Արտյոմ Ֆոմինիխը հայտարարել է, որ Շելեխովում տարածվում են «բազմաթիվ ասեկոսեներ և հակասական տեղեկություններ», որոնք անհանգստություն են առաջացնում տեղի բնակիչների շրջանում, և այդ պատճառով գործարանում կանխարգելման շրջանակներում հայտարարվել է դիմակային ռեժիմ:
Որոշումն ընդունվել է Իրկուտսկի մարզի հիվանդացած բնակչուհու մասին հաղորդագրությունից հետո: Շելեխովի շրջանային հիվանդանոցում հոկտեմբերի 1-ից գործում է կարանտին, շփում ունեցած անձինք գտնվում են հսկողության տակ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ընդ որում, նա նշել է, որ թոքային ժանտախտից մահացած աղջկա բոլոր հայտնաբերված շփումները բացահայտված են, իսկ նրանց լաբորատոր անալիզները՝ բացասական:
Ավելի ուշ Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը գրել է, որ կինը, հնարավոր է, մահացել է ժանտախտից: Միևնույն ժամանակ, Իրկուտսկի մարզի իշխանությունները «ժանտախտ» ախտորոշումը պաշտոնապես այդպես էլ չեն հաստատել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Իրկուտսկի մարզում գրանցվել է մահվան դեպք՝ կապված հատուկ վտանգավոր վարակի հետ: 28-ամյա լաբորատորիայի աշխատակից Դարյա Շ.-ն, որն աշխատել է ժանտախտով վարակված կենդանիների հետ, մահացել է հիվանդանոցում: Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ նա բժիշկներին պատմել է, որ ախտորոշման համար կենսանյութ հավաքելու ժամանակ պատահաբար կոտրել է վարակի հարուցիչով փորձանոթը։ Մասնագետների եզրակացության համաձայն՝ մահվան պատճառ է դարձել թոքային ժանտախտը:








