Հայաստանի ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ ՀՀ քաղաքացիների կողմից, ազատ և ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի ընտրությունները նշանակալի էին մի շարք առումներով, մասնավորապես՝ արտաքին միջամտության ծավալով և բնույթով, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակաշառքի կիրառմամբ։
Ղազարյանը նշել է նաև տնտեսական բաղադրիչի մասին՝ հայտարարելով, որ քաղաքական ճնշումն ուղեկցվել է տնտեսական ճնշմամբ՝ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների միջոցով, որոնք, նրա խոսքով, նպատակ ունեին ազդելու ինքնիշխան երկրի քաղաքական ընտրության վրա։
Նա հիշեցրել է նաև ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ վերջինս ընդգծել էր, որ Հայաստանի 2018 թվականի Թավշյա հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը պետական ինստիտուտների և ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդումն է։
Սոնա Ղազարյանի խոսքով՝ 2026 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ինստիտուտներն ունակ են պաշտպանելու ընտրական գործընթացը և քաղաքացիների ընտրելու իրավունքը, ինչպես նաև ապահովելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ընտրության ազատ արտահայտումը՝ նույնիսկ զգալի արտաքին ճնշման պայմաններում։








