Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային փորձարկումները դադարեցնելու միջազգային կոչը։ ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը համապատասխան հայտարարությունը անվանել է «մեր պետության դեմ ուղղված լուրջ քաղաքական սադրանք», որը բխում է «թշնամական ուժերից»։
«Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի բարեկամներ» խմբի անդամ երկրների նախարարների հանդիպումը, որի կազմում են Ավստրալիան, Կանադան, Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան և Նիդերլանդները, տեղի է ունեցել երեքշաբթի Նյու Յորքում։ Մասնակիցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած նոր միջուկային փորձարկում անպատասխանատու և անընդունելի կլինի։
Հանդիպման ընթացքում միաժամանակ հնչել է կոչ Փհենյանին՝ լիովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերը։
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, որի հայտարարությունը հրապարակել է պետական ԿՑԱԿ լրատվական գործակալությունը, ԿԺԴՀ-ն անվանել է «պատասխանատու միջուկային զենք ունեցող պետություն»։
Նույն օրը ավելի վաղ ԿՑԱԿ-ի տարածած մեկ այլ հայտարարության մեջ ԿԺԴՀ արտգործնախարար Չխվե Սոն Հին հայտարարել է, որ Փհենյանի միջուկային կարգավիճակն անշրջելի է։
Չխվե Սոն Հին արձագանքել է այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչների առանձին հանդիպմանը։ Հանդիպման մասնակիցները կրկին հաստատել են Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացման հանձնառությունը։
1996 թվականին ընդունված Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը արգելում է «միջուկային զենքի ցանկացած փորձնական պայթյուն կամ ցանկացած այլ միջուկային պայթյուն» աշխարհի ցանկացած վայրում։ Դրա նպատակը միջուկային զենքի կրճատումն է և, ի վերջո, դրա լիակատար վերացումը։








