Ջավախահայ մի խումբ հասարակական գործիչներ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Սփյուռքի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունների հետ։ Նրանք անընդունելի և վիրավորական են համարել Սփյուռքի՝ Հայաստանին հիմնականում «պատառոտված և հին հագուստի» տեսքով օգնություն ցուցաբերելու մասին Փաշինյանի ձևակերպումը՝ նշելով, որ ջավախահայերը տասնամյակներ շարունակ նյութական և բարոյական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին ու Արցախին։
Բաց նամակում նշվում է, որ հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ մասնակցել են պատերազմներին, իսկ շուրջ 230-ը զոհվել են՝ ըստ նամակի հեղինակների՝ Հայաստանի և Արցախի համար մղված պայքարում։ Ջավախահայ գործիչները հայտարարել են, որ պատրաստ են ներկայացնել իրենց պնդումները հիմնավորող փաստաթղթեր և պահանջել Փաշինյանից հրապարակայնորեն պարզաբանել իր խոսքերը, ինչպես նաև ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել հայկական Սփյուռքից։
«Ջավախքը հիշում է։ Ջավախքը օգնել է։ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը»,- ասված է հայտարարության մեջ։








