Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հայտնվել է շփոթության վիճակում այն բանից հետո, երբ Թեհրանի վրա ռազմական և տնտեսական ճնշում գործադրելու բազմակի փորձերը արդյունք չեն տվել, հաղորդում է Tasnim-ը։
Ըստ նրա, Վաշինգտոնին այլ ելք չի մնում, քան Իրանի հետ հարաբերություններ կառուցել հարգանքի հիման վրա։
Կիրակի օրը Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանի մոտ կայացած արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր տնտեսական արշավը անվանել է արդեն բազմիցս կիրառված սցենարի կրկնություն։
Նախարարը նշլել է, որ ամերիկյան քաղաքականությունը փոխել է անվանումները՝ Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակների «կործանարար պատժամիջոցներից» մինչև Թրամփի առաջին նախագահական ժամկետի «առավելագույն ճնշման» արշավը և ներկայիս «ջախջախիչ պատժամիջոցները», սակայն դրա էությունը մնացել է նույնը։
«Սա կրկնվող ֆիլմ է, որը նրանք նորից ցուցադրում են։ Մենք այն անգիր գիտենք և գիտենք, թե ինչպես վարվել դրա հետ», — ասել է Արաղչին։
Նա նշել է, որ Վաշինգտոնի վերադարձը նախկին տնտեսական միջոցներին ռազմական հարվածի սպառնալիքներից հետո վկայում է Իրանի վրա ազդեցության նոր միջոց գտնելու նրա անկարողության մասին։
«Այն, որ նրանք ռազմական գործողություններից և հարված հասցնելու ու այս կամ այն բանն անելու սպառնալիքներից հետո կրկին դիմել են իրենց հին ծրագրերին, ցույց է տալիս, որ նրանք հուսահատության մեջ են», — հայտարարել է նախարարը։
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի ճնշման քաղաքականությունից և անցնի Իրանի հետ փոխգործակցության՝ հարգանքի, արդարության և արժանապատվության հիման վրա։
«Նրանք պետք է վերադառնան այն ուղուն, որն արդեն փորձարկվել է։ Իրանի ժողովուրդը արժանապատվության լեզվին պատասխանում է հարգանքով», — ասել է ԱԳ նախարարը։
Տնտեսական շրջափակման սպառնալիքի մասին հարցին պատասխանելով՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում նման միջոցներից։
«Մենք երբեք չենք վախեցել», — ասել է նա՝ հավելելով, որ ամերիկյան բոլոր նախորդ միջոցները, ներառյալ տնտեսական սահմանափակումներն ու ռազմական գործողությունները, չեն հասել իրենց առաջադրված նպատակներին։
Նրա համոզմամբ, ԱՄՆ-ի ներկայիս արշավը նույնպես կավարտվի ձախողմամբ։








