ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, սակայն իշխանական անօրինականությունների մասին հաճախ լռող ու միջազգային հաթակներում փաշինյանական իշխանության ստաբանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ։Պարտադրված հանրային մամլի հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած։ Ինչպես հայտնի է հանրությանը, 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել իմ սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուս՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։Քննչական խմբի քննիչը պահանջել է հանձնել նաև իմ անձնական օգտագործման բջջային հեռախոսը։
Ես առարկել եմ՝ նշելով, որ օգտվում եմ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքից և քննիչի կողմից ներկայացված բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշման մեջ այդ մասին որևէ կետ առկա չէ, ուստի և իրավունք չունի առգրավել իմ աշխատանքային՝ պատգամավորական գործունեության համար ծառայող հեռախոսը։ Խուզարկության ավարտին, ստանալով հեռախոսազանգ ինձ համար անհայտ անձից (ազգանունը՝ Այվազյան), քննիչն առաջարկել է պատշգամբում առանձին զրուցել։ Այնուհետև, խիստ անակնկալ, քննիչը և մի քանի այլ ծառայողներ բռնությամբ հեռախոսս հափշտակել են, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու:Հավելեմ, որ մեր բնակարան ներխուժումը, խուզարկությունը, որդուս և նրա հետ ևս հինգ անձի եռօրյա ձերբակալությունը նույնպես անհիմն էր, քանի որ, որևէ անօրինական իր, արարք չհայտնաբերվելով, նրանք ազատ արձակվեցին:
Բջջային հեռախոսիս բռնագրավման փաստի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝
● Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
● Հեռախոսս ապօրինաբար բռնագրավելը հակասում է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի «պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերությունների» դրույթը, և իբրև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ իմ լիարժեք գործունեության հնարավորությունները։
● ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից բջջային հեռախոսիս փաստացի գողության հետեւանքով զրկված եմ ՀՀ քաղաքացիների հետ հանրային շփումների, սոցիալական հարթակներում իմ գործունեությունն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Իրավապահ մարմինների ապօրինությունների արդյունքում՝ հեռախոսիս հափշտակության պատճառով չեմ կարողանում մուտք գործել Facebook եւ Instagram սոցիալական հարթակների անձնական էջերս։Միաժամանակ, բջջային հեռախոսում եմ պահում եմ աշխատանքային նշումներ, որոնց հասանելիություն չունենալը խաթարում է աշխատանքային պարտականություններիս և լիազորություններիս պատշաճ կատարումը։ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին դիմումներում պահանջել եմ հանձնարարել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ ինձ պատկանող և ապօրինի, առանց համապատասխան քրեադատավական ընթացակարգի կիրառման առգրավված բջջային հեռախոսս վերադարձնելու և նկարագրված անօրինական գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու նպատակով։Շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չեմ ստացել, ինչը եւս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի գողացման իրավական հիմքը:
Ստացվում է 19 օր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը:Երբ անօրինական, առանց մազաչափ հիմքի այս օրերին բանտարկված են Բագրատ եւ Միքայել Սրբազանները, ընկերներս՝ Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, իմ երիտասարդ ընկերներ Անդրանիկը, Հրայր սարկավագը, Լիդիան, բազում ազնիվ քաղաքացիներ, ինչի՞ մասին կարելի է խոսել։Նիկոլի ստրուկները շարունակում են գործել իրավապահ համակարգում, մինչեւ մի օր պատասխանատվության պատի առաջ փորձեն չքմեղանալ, թե աշխատավարձ էին ստանում, տուն էին պահում։ Այդժամ ուշ է լինելու»։