ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրկնակի հարված» է հասցրել Ուկրաինային՝ բանակցություններ սկսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մերժելով Կիևի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Չորեքշաբթի օրը կրկնակի հարված հասցնելով Ուկրաինային՝ Թրամփը հայտարարեց, որ ուղիղ համաձայնության է եկել Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ», - ասվում է զեկույցում։
Նշվում է, որ, միևնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Բրյուսելում դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը «պատրանքային նպատակ» է՝ Կիևը չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցը տևել է մոտ 1,5 ժամ, և դրա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են անհապաղ սկսել բանակցությունները՝ ուկրաինական ճգնաժամի հետագա հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է վերացնել դրա բուն պատճառները։