Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կլինի փետրվարի 10-11-ը Փարիզում կայանալիք արհեստական բանականության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի համախագահը, այս մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին։
Ըստ հնդկական գործակալության տվյալների՝ այդ գագաթնաժողովին նաև կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահը և Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետը։Բացի խորհրդաժողովին մասնակցելուց, Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Մոդին բանակցություններ կվարի Ֆրանսիայի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, իսկ փետրվարի 12-ին Մարսելում կհանդիպի այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հնդկաստանը նաև Մարսելում կբացի նոր հյուպատոսություն։Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև բանակցություններ են ընթանում օդատիեզերական արդյունաբերության, շարժիչների և սուզանավերի բնագավառում համագործակցության շուրջ: Քննարկվում է նաև համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում։
Ենթադրվում է, որ այցի ժամանակ կարվեն հայտարարություններ այդ ուղղություններով կոնկրետ քայլերի մասին: