Իրանի Մաշհադ քաղաքում կայացած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) ավիատիեզերական ուժերի նվաճումների ցուցահանդեսում ցուցադրվել են երեք նոր պաշտպանական և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Tasnim-ը։
Գործակալության տվյալներով՝ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նվաճումների ցուցահանդեսը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում։
«Ցուցահանդեսի կարևորագույն իրադարձություններից մեկը երեք նոր փոքր ինքնաթիռների ցուցադրությունն էր, որոնցից մեկը մշակվել էր տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի և փոքր ինքնաթիռների դեմ պաշտպանական առաքելությունների համար, մինչդեռ մյուս երկու մոդելները նախատեսված էին հարվածային գործողությունների և թշնամու ստորաբաժանումների մոտ հեռավորությունից ոչնչացման համար», – ասվում է հայտարարության մեջ։
Tasnim-ի տվյալներով՝ ռուս-ուկրաինական հակամարտության փորձը օգտագործվել է անօդաչու թռչող սարքերից մեկի՝ Sayeh քվադրոկոպտերի (պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Ստվեր») մշակման ժամանակ։








