2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվում է ՊԱՐԱԲԱԶԿԱՄԱՐՏԻ աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է ութ հոգուց բաղկացած պատվիրակություն՝ վեց մարզիկ և երկու մարզիչ։ Պատվիրակության կազմում ընդգրկված մարզիկները Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներն են։ Հավաքականին ուղեկցել են գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը և ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը։
Հայաստանի մարզիկները մրցակցել են տարբեր երկրների ուժեղագույն ներկայացուցիչների հետ և գրանցել հետևյալ արդյունքները։
Մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Սա նրա աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։
Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանը աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։
Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։
Մարզիկների գրանցած արդյունքները երկարատև, հետևողական և նպատակային նախապատրաստական աշխատանքի արդյունք են։ Հավաքականի մարզումային գործընթացը և աշխարհի առաջնությանը նախապատրաստումը ղեկավարել է գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը։ Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մարզիկների մարզումները, պատրաստվածության կատարելագործման աշխատանքներն ու մրցումային մարտավարության մշակումը։ Գլխավոր մարզչի մասնագիտական մոտեցումը, հետևողականությունն ու նվիրված աշխատանքը կարևոր նշանակություն են ունեցել հավաքականի պատրաստվածության և գրանցած արդյունքների ապահովման գործում։ Թիմի նախապատրաստական և մրցումային գործընթացում իր կարևոր ներդրումն է ունեցել նաև ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը՝ իր փորձով և աջակցությամբ նպաստելով թիմի կազմակերպված աշխատանքին։
ՊԱՐԱԲԱԶԿԱՄԱՐՏԻ մրցելույթներն ավարտելուց հետո Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 4-ի գիշերը վերադարձել է հայրենիք։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեր մարզիկներին և մարզիչներին ջերմորեն դիմավորել են հայրենակիցները։ Նրանց ցուցաբերած ուշադրությունը, ջերմ ընդունելությունն ու ոգևորող խոսքերը մեծ ուրախություն և հուզմունք են պարգևել պատվիրակության անդամներին՝ ևս մեկ անգամ փաստելով, որ հայ մարզիկների հաջողություններն ու հաղթանակները ոգևորում և համախմբում են մեր հայրենակիցներին։
Հայաստանի պատվիրակության մասնակցությունն աշխարհի առաջնությանը հնարավոր է դարձել նաև աջակիցների և գործընկերների ներդրման շնորհիվ։ « Հայաստանի վետերաններ» (Veterans of Armenia) հիմնադրամը հոգացել է երեք մասնակցի մասնակցության ծախսերը և աջակցել հավաքականին, Հ. Հովնանյան ընտանիքի հիմնադրամը(H.HOVNANYAN FAMILY FOUNDATION) հովանավորել է չորս մասնակցի մասնակցության ծախսերը, իսկ Վահան Խորխորունին ապահովել է Հայաստանի հավաքականի պաշտոնական համազգեստը։
Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան բարձր է գնահատում մարզիչների, աջակիցների և հայրենակիցների ներդրումն ու աջակցությունը, որոնք կարևոր նշանակություն ունեն հաշմանդամային սպորտի զարգացման, հայ մարզիկների միջազգային մրցասպարեզներում հաջող ներկայացվածության և Հայաստանի մարզական հեղինակության բարձրացման գործում։








