Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը 2023 թվականի հունիսից հետաքննում է ֆրանսիական պաշտպանական և արդյունաբերական Thales խմբի արտասահմանյան գործունեության հետ կապված հնարավոր կոռուպցիոն դեպքերը, այդ թվում՝ Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դատախազությանը։
Հետաքննությունը վերաբերում է արտասահմանում ռազմական և քաղաքացիական արտադրանքի վաճառքի ընթացքում կասկածելի հանգամանքներին։ 2024 թվականի հունիսին գործի շրջանակում խուզարկություններ են իրականացվել Thales-ի ստորաբաժանումներում։ Le Monde-ի տվյալներով՝ քննչական գործողություններն ընդգրկել են ընկերության գրասենյակները մի շարք երկրներում։ Thales-ը հրաժարվել է մեկնաբանել ընթացող հետաքննությունը։
Հրապարակումները հայտնվել են Ադրբեջանի Հանրապետությունում ընկերության նախկին աշխատակից Մեհմեթ Սահանի գործի ֆոնին։ Le Monde-ի ավելի վաղ հաղորդմամբ՝ նա 2022 թվականի փետրվարից կալանքի տակ է Ադրբեջանում՝ նախկին գործատուից միջոցներ հափշտակելու մեղադրանքով։
Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Սահանը հերքում է մեղադրանքները։ Le Monde-ի փոխանցմամբ՝ նա կարծում է, որ իր նկատմամբ հետապնդումը կապված է ֆրանսիական պաշտպանական խմբի՝ Ադրբեջանում գործունեության շուրջ հնարավոր կոռուպցիոն սխեմաները բացահայտելու իր փորձերի հետ։








