Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ՝ ծովի մակարդակից 2350մ բարձրության վրա, արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է։
Նման հրապարակում է արել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ու տեղեկացրել, որ դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այն նախագծերին, որոնք հեռանկարներ են բացում սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել էին Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։








