Ուկրաինայի Սումիի մարզում անօդաչու թռչող սարքերը հարվածել են մերձքաղաքային մարդատար գնացքին։ Նախնական տվյալներով՝ տուժել է 10 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել լոկոմոտիվում և մարդատար վագոններից մեկում։ Գնացքից տարհանվել է 19 ուղևոր։ Մարդկանց անվտանգ տարածք են տեղափոխել փրկարար ծառայության զրահապատ մեքենայով և տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած ավտոբուսով։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են նաև DTEK ընկերության ջերմաէլեկտրակայաններից մեկի ուղղությամբ մի քանի հարվածների մասին։ Ընկերության փոխանցմամբ՝ կայանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ սարքավորումները լուրջ վնասներ են ստացել։
Դնեպրոպետրովսկի մարզում մեկ օրվա ընթացքում գրանցվել է շուրջ 50 դրոնային հարձակում։ Հաղորդվում է երկու զոհի և ինը տուժածի մասին։
Խերսոնի Դնեպրովսկի շրջանում դրոնը հարվածել է բազմաբնակարան շենքին, ինչի հետևանքով զոհվել է 70-ամյա կին։
Հարվածներ են գրանցվել նաև Խարկովում։ Կիևյան շրջանում հրդեհվել են ավտոմեքենա և բենզալցակայան, տուժել է երկու մարդ։








