Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ ծառի մի հատված կոտրվել ու տապալվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ժամանմանը, իրենք հատուկ էլեկտրական սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել։
Ծառի տապալման հետևանքով վնասվել են կայանված 3 տրանսպորտային միջոցներ և կոտրվել է գազատար խողովակը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում վերացրեցին վթարը։








