Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։








