Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ստորագրել ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ուրբաթ օրը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում, հաղորդում է TRT Haber-ը։
Համաձայնագրի մանրամասները դեռևս անհայտ են, սակայն նշվում է, որ կողմերը նախատեսում են համակարգել ջանքերը տարածաշրջանային ճգնաժամերի լուծման համար, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։ Հեռուստաալիքը նշում է, որ Անկարան համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր իրադարձություն տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ միջուկային զենք ունեցող միակ իսլամական պետության՝ Պակիստանի մասնակցությունը հատուկ կշիռ է հաղորդում դաշինքին։








