Մեծ Բրիտանիան Ֆրանսիայից ստանձնել է այն բազմազգ կոալիցիայի հրամանատարությունը, որը խաղաղության համաձայնագրի ձեռքբերման դեպքում կարող է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։
Հրամանատարության փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում՝ կոալիցիայի շտաբում։ Նոր հրամանատար է նշանակվել բրիտանացի գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմանը, որը բանակում ծառայել է ավելի քան 30 տարի։
Խաղաղության հաստատման դեպքում կոալիցիոն ուժերը կզբաղվեն Ուկրաինայի օդային և ծովային տարածքների անվտանգության ապահովմամբ, ինչպես նաև կաջակցեն երկրի ցամաքային զորքերի մարտունակության վերականգնմանը։ Առաքելությունը համակարգելու համար Կիևում կստեղծվի հատուկ շտաբ։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Եվրոպան, խոսելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, Ռուսաստանին որևէ անվտանգության երաշխիք չի առաջարկում։








