Աշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով. Մեդվեդև
Աշխարհն անցել է անդառնալի փոփոխությունների միջով, և այս տարվա առաջին կիսամյակը դա առավել քան հստակ ցույց տվեց։ Պատերազմից հետո հազիվ թե եղել են այնպիսի իրադարձություններ, որոնք կարող էին մարդկությանը կանգնեցնել ռազմական աղետի եզրին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Համոզված եմ, որ եկել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ժամանակակից վերաիմաստավորման ժամանակը։ Աշխարհն անդառնալիորեն փոխվել է, և մենք բոլորս դրա ականատեսն ենք։ Միայն այս տարվա առաջին կիսամյակն արդեն ցույց տվեց դա ավելի հստակ, քան երբևէ։ Հետպատերազմյան շրջանում, հավանաբար, չեն եղել այսպիսի բուռն իրադարձություններ, որոնք կարող էին աշխարհը հասցնել լայնածավալ ռազմական ճգնաժամի», — հայտարարել է Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր, ժամանակակից բովանդակություն հաղորդել միջազգային իրավունքի գործող սկզբունքներին, այլ ոչ թե շտապել արմատական բարեփոխումների ճանապարհով՝ վերափոխելով միջազգային իրավական ինստիտուտները, ինչպես երբեմն առաջարկվում է տարբեր քննարկումների ընթացքում։
Մեդվեդևը նաև նշել է, որ միջազգային հանրային իրավունքի արդյունավետությունը հիմնված է հարաբերական կայունության վրա։
«Բացարձակ կայունությունը պատրանք է, սակայն հարաբերական կայունությունը կենսական անհրաժեշտություն է», — ընդգծել է նա։ Այս մասին հայտնում է TASS-ը:








