2026 թ․ հունվարի վերջին Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվեցին Հայաստան։
Նրանք 10 հայ եւ 1 ռուս էին։ Արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։
Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։
Կոտայքի մարզպետարանը Արցախից տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության իրեր գնելու պայմանագիր է կնքել «Նարլիա» ՍՊԸ-ի հետ։
Գնել են կանացի եւ տղամարդու գուլպաներ, վարտիքներ, հողաթափեր, ջինսե տաբատներ, շապիկներ, ինչպես նաեւ՝ հիգիենայի պարագաներ՝ սրբիչ, ածելի, օճառ եւ այլն։ Այս գնման համար մարզպետարանը վճարել է շուրջ 330 հազար դրամ։








