«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։
ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, հարց է բարձրացվել՝ ինչո՞ւ է նման պատասխանատու գործընթացը վստահվել այն գործիչներին, ովքեր արդեն իսկ որոշել են հեռանալ խորհրդարանական կյանքից։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակյանի և Պողոսյանի թեկնածությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից, և նախաձեռնությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։
ՔՊ վարչությունն էլ քվեարկել է առաջարկի օգտին՝ հանձնելով նրանց այդ կարևոր պատասխանատվությունը։ Ի դեպ, նշենք, որ մարտի 27-ին և 28-ին կայանալիք ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները ևս Արշակյանն ու Պողոսյանն են ղեկավարելու»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








