Խաղաղության բանակցությունները պետք է հանգեցնեն երկու առանձին համաձայնագրերի ստորագրման․ մեկը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, մյուսը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան «Европейская правда»-ին տված հարցազրույցում, գրում է Meduza-ն։
«Եթե խոսքը կոնկրետ այս 20 կետանոց շրջանակի մասին է, դա երկկողմ փաստաթուղթ է, որը կստորագրեն ԱՄՆ-ն և Ուկրաինան։ ԱՄՆ-ը նաև պետք է ստորագրի Ռուսաստանի հետ։ Սա այն շրջանակն է, որը ներկայում քննարկվում է, բայց բանակցությունները դեռ շարունակվում են. դա գործընթաց է»,- ասել է Սիբիհան։
Նրա խոսքով՝ եվրոպական կողմը, որի ստորագրությունը չի սպասվում, այնուամենայնիվ, «ներկա է խաղաղության գործընթացում և անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերում»։ Սիբիհան հավելել է, որ բանակցություններում երկու վիճելի հարց մնում է չլուծված՝ տարածքային վեճերը և Զապորոժիեի ատոմակայանը։
Այս հարցերը լուծելու համար, նրա խոսքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։








