Արագածոտնի թեմից Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ուխտը Աստծու հետ կնքված սուրբ դաշինք է, ոչ թե ժամանակավոր խոստում։ Ով սուրբ խորանի առաջ երդվեց խոնարհություն, հնազանդություն և հավատարմություն, բայց հետո վաճառեց իր ուխտը՝ շահի, փառքի կամ մարդկային վախի դիմաց, նա ոչ միայն խախտեց եկեղեցու կանոնը, այլ խոցեց Եկեղեցու մարմինը։
Ուխտը խախտած հոգեւորականը դառնում է գայթակղություն փոքրերի համար, քար՝ եղբոր ճանապարհին, և վկա՝ սեփական դատաստանի դեմ։ Քանզի Սուրբ Գիրքը ասում է․ «Լավ էր նրա համար, եթե չծնվեր» (Մատթ. 26:24)՝ եթե սրբությունը դարձնում է դավաճանության գործիք։
Եկեղեցին չի պահվում խորամանկությամբ, այլ՝ հավատարմությամբ։ Ոչ ոք իրավունք չունի հագնել քահանայական հանդերձը և ներսում կրել բաժանարար սիրտ։ Աստված լռում է՝ ոչ թե հաստատելու դավաճանությունը, այլ ժամանակ տալու ապաշխարությանը։ Բայց եթե ապաշխարություն չկա, լռությունը դառնում է դատաստան։
Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն։
Սուրբը սուրբ է մնում միայն, երբ հավատարիմ է մնում մինչև վերջ»։








