Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների ընթացքում «արտաքին վնասակար ազդեցության» դեմ պայքարում, նախադեպային է իր բովանդակությամբ։
Փաստացի արձանագրվում է, որ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել, այսպես կոչված, մոլդովական սցենարը՝ սեփական իշխանության վերարտադրության դիմաց։
Սա այլևս ոչ թե ԵՄ տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։
Մոլդովայում այդ մոդելը հանգեցրել է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ՝
▪ ընդդիմադիր քաղաքական դաշտի զտման,
▪ «վնասակար ազդեցության» անորոշ սահմանումներով անհարմար ուժերի դուրսմղման,
▪ ընտրական ավտորիտարիզմի հաստատման։
ԵՄ-ի այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից՝ ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը և ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք:
Այս համատեքստում ակնհայտ է, որ ԵՄ ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից՝ ժողովրդավարությունը փոխարինելով «կառավարվող ընտրությունների» մոտեցմամբ։
ԵՄ-ն ավելի ու ավելի հաճախ ոչ թե պաշտպանում է ազատ քաղաքական մրցակցությունը, այլ նպաստում է իր համար ընդունելի կախյալ վարչակարգերի վերարտադրությանը։
Փաշինյանի իշխանության և ԵՄ բյուրոկրատիայի այս «գործարքն» ունի նաև արտաքին քաղաքական գին։
Այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք:
Հայաստանում խրախուսվում է պարզունակ և կոպիտ հակառուսական խոսույթը՝ որպես հավատարմության փոխհատուցում։
Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից և չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։
Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է։
Հայաստանին անհրաժեշտ են ազատ և մրցակցային ընտրություններ, ոչ թե արտաքին վերահսկողությամբ ձևավորված «ճիշտ արդյունք» ապահովող գործընթացներ»։








