Բացահայտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ քննարկված հարցերը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ պետությունների ղեկավարները քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև Եվրամիության կողմից ռուսական ակտիվների սառեցման հարցը։
Էրդողանը ընդգծել է պատերազմը արդար և կայուն խաղաղությամբ ավարտելուն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը և նշել, որ էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները ներառող սահմանափակ հրադադարը կարող է օգտակար լինել։
Նշվել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է խաղաղության գործընթացին և պատրաստ է ընդունել ցանկացած ձևաչափով բանակցություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պաղեստինում և Սիրիայում վերջին զարգացումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։








