Լրագրող Արամ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Թունելի վերջում լույս երևաց։
Գագիկ Սարգսյանի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքի։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հաշվի առնելով պաշտպան Մկրտիչ Դավթյանի ծանրակշիռ փաստարկները, այդ թվում՝ առողջական լուրջ խնդիրները, բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ կիրառելու այլընտրանքային խափանման միջոց, տվյալ դեպքում՝ գրավ, տնային կալանք և բացակայելու արգելքը համակցված։
«Գագիկ Սարգսյանին մեղսագրված արարքն ընդամենը շինծու, պատվերով կարված գործ է, և առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Ուստի այս պայմաններում իմ պաշտպանյալին անազատության մեջ պահելը, նման հիվանդությունների առկայության պայմաններում, կարող եմ վստահորեն ասել, որ սա ոչ թե կալանք է, այլ խոշտանգում, և կալանքը որպես պատիժ է կիրառվում», - իր խոսքում ընդգծեց պաշտպան Մկրտիչ Դավթյանը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հարգարժան փաստաբան Մկրտիչ Դավթյանին, ինչպես և այս գործով անցնող մյուս մեղադրյալների բոլոր պաշտպաններին փայլուն աշխատանքի համար, Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանին, խորհրդի անդամներին, ընկերներին ու բոլոր աջակիցներին։ Վստահ եմ, որ այս գործը, փաշինյանական իրականության մեջ կարված ու սարքված մյուս բոլոր շինծու գործերի ու մեղադրանքների պես, մի օր թղթե տնակի պես քանդվելու է։ Դասականը կասեր՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։
Հիշեցնեմ, որ Գագիկ Սարգսյանը կալանավորված է արդեն ավելի քան մեկուկես տարի՝ 2024 թ. մարտի 13-ից»։