Ֆրանսիան դադարեցնում է Մալիի հետ հակաահաբեկչական համագործակցությունը՝ ի պատասխան Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցի ձերբակալության, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Մալիի մայրաքաղաք Բամակոյում օգոստոսի 15-ին ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի՝ ֆրանսիական հետախուզության համար աշխատելու կասկածանքով։
«Նման լուրջ և թշնամական գործողության առջև կանգնած՝ Ֆրանսիան որոշել է կասեցնել Մալիի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, որին անօրինական կերպով բանտարկված դիվանագիտական գործակալը նպաստել է իր ձերբակալությունից առաջ», – ասել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մալիի իշխանություններին տեղեկացվել է, որ մոտ ապագայում կձեռնարկվեն այլ միջոցներ, եթե Ֆրանսիայի քաղաքացին անհապաղ ազատ չարձակվի։
Ֆրանսիան նաև արտաքսում է երկու մալիացի դիվանագետների: Աղբյուրի համաձայն՝ նրանք պետք է լքեն Ֆրանսիան մինչև շաբաթ օրը:
Մալիի իշխանությունները նախկինում Բամակոյում Ֆրանսիայի դեսպանատան հինգ աշխատակիցների հայտարարել էին անցանկալի անձ, որոնք արդեն լքել էին երկիրը: