Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանն արդեն 4 տարի է ղեկավարում է «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն, ուսումնատենչ ու շնորհալի երիտասարդները գտնվում են բարեգործական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում և նրանցից շատերը «Ալենյան» կրթաթոշակների շահառու են:
ՀԿ գործունեության եւ առաջիկա ծրագրերի եւ Ալենի հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուի վերաբերյալ պատմում է հենց ինքը՝ տիկին Տերտերյանը:
Հարգելի տիկին Տերտերյան, խնդրում եմ համառոտ պատմել ձեր ՀԿ-ի գործունեության մասին
Նազելի Տերտերյան - «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն հիմնվել է ի հիշատակ որդուս՝ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի: Այն իմ նախաձեռնությամբ և համակարգմամբ արդեն 4 տարի գործում ու հարյուրավոր ծրագրեր է կյանքի կոչում։ Ուսումնատենչ ու շնորհալի երիտասարդները գտնվում են բարեգործական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում և նրանցից շատերը «Ալենյան» կրթաթոշակների շահառու են։ ՀԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները։
ՀԿ-ի հովանավորությամբ և նախաձեռնությամբ կյանքի են կոչվել Ալենի անունն ու գաղափարախոսությունը կրող բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այդ թվում՝ «Իմ Ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթը: ՀԿ-ի ֆինանսական միջոցներով և ջանքերով հիմնադրվել է ԸՆԹԵՐՑԱՍԵՐԸ պուրակը, որտեղ էլ տեղադրվել է ԳՐՔԱՍԵՐԸ քանդակը։ Ընթերցանությունը ՀԿ-ի կողմից խրախուսվում է նաև գրքերի նվիրատվությամբ։ Հանրապետության դպրոցներն ու գրադարանները հարստացել են հերոսի և այլ երիտասարդ ստեղծագործողների հազարավոր գրքերով։
Ո՞րն է ձեր կազմակերպության գործունեության նպատակը
Նազելի Տերտերյան – «Ալեն Մարգարյան» հասարակական կազմակերպությունը իր առջև վեհ նպատակ է դրել կրթամշակութային և ուսումնադաստիարակչական ծրագրեր կյանքի կոչելով նպաստել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին՝ հնարավորինս օժանդակելով նրանց դառնալ աշխարհի բարեկիրթ, գրագետ ու նպատակասլաց քաղաքացի։ Այն, ինչն Ալենը համարում էր իր առաքելությունն ու ամենօրյա աշխատանքը՝ կրթության և մշակույթի ոլորտում բարեփոխումների իրականացումը, ուսումնատենչ երեխաներին ու տաղանդաշատ երիտասարդներին մոտիվացնելը և խրախուսելը։
Տիկին Տերտերյան Ձեր գործունեությունը, նպատակասլացությունն ու այն գաղափարախոսությունը, որի կրողն եք, վկայում են հերոսածին մոր անկոտրում տեսակի մասին։ Առաջնորդվելով ձեր սկզբունքներով և հավատամքով՝ կարո՞ղ եք նշել որն է Ձեր կազմակերպության կողմից ստեղծված ամենակարևոր նախագիծը Ձեզ համար
Նազելի Տերտերյան - Յուրաքանչյուր նախագիծ, որ ստեղծված է մեր կազմակերպության կողմից լրջագույնս և մանրակրկիտ մշակված է, նրանցից յուրաքանչյուրն ունի իր նպատակը, ծառայում է մի գաղափարի, որոնք բոլորն էլ չափազանց կարևոր են, ուստի որևէ մեկին նախապատվության տալ չէի ուզի։ Այն, որ մեր նախաձեռնությունները օգնում են հավատալ երազանքներին՝ ստիպում է առաջ շարժվել ամենքիս:
Հարգելի տիկին Տերտերյան, տեղեկացել ենք, որ այժմ ներդրում եք կատարում նոր նախագծում, այն է՝ սառցե ամանորյա շոու։ Կասե՞ք, ինչու՞ հենց սառցե շոու, այլ ոչ՝ թատրոն կամ մյուզիքլ։
Նազելի Տերտերյան - Սառցե շոուի ձևաչափը պատահական չէ ընտրված։ Ես մանկուց սիրահարված եմ գեղասահքին, կասեմ ավելին՝ գեղասահքով զբաղվելը իմ չիրականացած երազանքներից է: Եվ ներկայացավ իմ երազանքն ու Ալենի ստեղծագործությունը միավորելու հիանալ առիթ: Հատկանշական է այն, որ մինչ այս հայ հանդիսատեսի դատին են հանձնվել սառցե ամանորյա շոուներ, որոնց հիմքում եղել են այլազգի ստեղծագործողների աշխատանքներ, իսկ այս շոուով, հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա մի գունեղ և չքնաղ ներկայացման: Կարծում եմ, դա ուղղակի հրաշալի է։
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանվում է մուլտֆիլմ՝ Սոյուզմուլտֆիլմի կողմից, և չի բացառվում, որ առաջիկա տարիներին Ալենի հեքիաթներից շատերը դառնան գեղեցիկ ներկայացումներ կամ մյուզիքլներ:
Մարդիկ դառնում են Մեկենասներ, քանի որ նրանց մղում է բարձր բարոյական արժեքների ուժը։ Որպես սառցե արվեստի և սպորտի ոլորտում նոր նախագծի Մեկենաս, ի՞նչ եք ակնկալում և ի՞նչ եք ցանկանում։
Նազելի Տերտերյան - Ինչպես ցանկացած նոր նախագծի, այս նախագծին ևս մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, քանզի որդուս «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հրաշալի հեքիաթը շուտով կդառնա մի լուսավոր ներկայացում: Հայ մանուկները և, ինչու ոչ՝ մեծերը հնարավորություն կունենան վայելելու հայկական ամանորյա գեղեցիկ հեքիաթը սառույցի վրա: Հեքիաթ, որն իր հմայքով մարդկանց հոգիները կպարուրի լույսով: Ես վստահ եմ, որ այն կսիրվի բոլոր կողմից և երկար տարիներ տարբեր սերունդներ հաճույքով կդիտեն այն, քանզի այս հեքիաթը բարության և հավատի մասին է, երբեք չհանձնվելու և նպատակասլացության մասին է, և, ի վերջո, ներողամտության ու վեհության մասին է: Որպես այս նախագծի Մեկենաս, ուզում եմ, որ այն փոխանցվի մարդկանց ա՛յն տեսքով, որին հավատում էր Ալենը։
Արդյո՞ք ներդրողը կունենա վետոյի իրավունք արտադրական որևէ հարցի վերաբերյալ։
Նազելի Տերտերյան - Բոլոր իրավունքները ինձ են պատկանում, սակայն պայմանագիր ենք կնքել Հայաստանում այդ ոլորտում միակ՝ ԱՊՊԱ-Պրո ընկերության հետ, որն արդեն 15 տարի զբաղվում է սառցե շոուներով և 30 տարի շոու բիզնեսում է։ Կարծում եմ, ճիշտը պրոֆեսիոնալներին վստահելն է։ Ցանկացած նախագծի հաջողելու գաղտնիքը յուրաքանչյուրի իր՝ որակավորմանն ու մասնագիտացմանը համապատասխան խնդիրներն ու պարտականությունները իրականացնելու մեջ է։
Նման մեծածավալ նախագծի ստեղծումը պահանջում է լուրջ մասնագիտական թիմ, և, որքանով, որ մենք ենք տեղեկացված, Հայաստանում այս ոլորտում գործունեություն է ծավալում միայն մեկ պրոդյուսեր, ում թիմը գտնվում է Ռուսաստանում։ Ասացեք խնդրեմ, ո՞ւմ հետ եք համագործակցում և ո՞վ է ստեղծում նախագիծը։
Նազելի Տերտերյան - Այո, իրավացի եք, սառցե շոուներ Հայաստանում կազմակերպում է ԱՊՊԱ-Պրո ընկերությունը, որը շոու բիզնեսում ավելի, քան 30 տարվա փորձառություն ունի և գործունեության շատ լայն շրջանակ։ Եվ հենց նրանք էլ ստանձնել են նախագծի իրագործումը։ Նրանք աշխատել են առաջին մեծության բազմաթիվ աստղերի հետ, իսկ այսօր մեր նախագծի շրջանակներում հայ տաղանդավոր գեղասահորդների համար կազմակերպում են վարպետության դասեր այնպիսի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ, որոնց հետ աշխատելը մեր երիտասարդների համար կարող էր միայն երազանք լինել։ Նախագծի առանձնահատկություններից մյուսը հենց սա՛ է, քանզի Ալենի յուրաքանչյուր օրն ու ժամը լցված էին մարդկանց դեպի կրթության լույսը մղելը։
Հնարավո՞ր է ներգրավել այլ ներդրողներ նախագծի մեջ։
Նազելի Տերտերյան - Ներդրողներ՝ ոչ, սակայն հովանավորների ներգրավում հնարավոր է, քանի որ բոլոր իրավունքները մեզ են պատկանում և այն երկարաժամկետ նախագիծ է։
Ո՞վ կունենա վերջնական արտադրանքի, ոչ նյութական ակտիվների և այլ ռեսուրսների իրավունքները՝ հիմվելով նախագծի արդյունքների վրա։
Նազելի Տերտերյան - Բոլոր իրավունքները, ինչպես նաև նախագիծն ամբողջությամբ, փոխանցման ակտով անցնելու են ինձ։
Շոուն ստեղծվել է Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա, որտե՞ղ կարող են երեխաները կարդալ կամ ծանոթանալ ամանորյա հեքիաթին։
Նազելի Տերտերյան - Ի շնորհիվ տպագրված «Բոլորիս Ալենը», «Բոլորիս Ալենի հեքիաթ», «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքերի՝ հազարավոր հայ երեխաներ և երիտասարդներ հնարավորություն ունեն Հայաստանի դպրոցներում ու գրադարաններում ծանոթանալ Ալենի ստեղծագործություններին և ոգեշնչվելու Ալենի կերպարով։ Հավելեմ, որ Ալենի՝ վերը նշված երեք գրքերը վաճառվում են մեր հանրապետության բոլոր գրախանութներում: Այդ գրքերը ձեռք բերելիս դուք դառնում եք բարեգործական նախագծերի անմիջական մասնակից, քանզի գրքերի վաճառքի ամբողջ հասույթը մեր կազմակերպության կողմից ուղղվում է բացառապես բարեգործության:
Հեքիաթի ընկալումը պետք է նպաստի երեխայի աշխարընկալման ձևավորմանն ու ինքնավստահության բարձրացմանը, այն մեզ շրջապատող աշխարհի մի մոդել է։ Ի՞նչ են տալիս Ալեն Մարգարյանի հեքիաթները մեր երեխաներին։
Նազելի Տերտերյան - Ալենի հեքիաթները պարունակում են սեր, լույս, ջերմություն ու բարություն, փոխանցում են մարդասիրություն, իմաստություն, հավատ, կյանքից դասեր քաղելու ունակություն, դրանք սովորեցնում են կարեկցել, հոգ տանել, տեսնել գեղեցիկը ամենուր։ Ալենի հեքիաթները նրա մասին են, որ հրաշքները միշտ շուրջդ են, հատկապես Ամանորի հեքիաթային գիշերը, գլխավորն այն է, որ Սրտից մշտապես ճառագեն Բարություն, Ջերմություն և Ներում:
Ուզում եմ նշել, որ գեղարվեստական մեծ արժեքից զատ Ալենի հեքիաթներն ունեն կրթադաստիարակչական և ուսուցողական մեծ նշանակություն, ինչի մասին վկայում է այն, որ ԿԳՄՍ առընթեր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «ԿԶՆԱԿ» հիմնադրամը կատարել է մասնագիտական խորը վերլուծություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով «Բոլորիս Ալենի հեքիաթները» ճանաչվել են որպես դասագիրք և կիրառվում են մեր հանրապետության տարբեր դպրոցների տարրական և միջին դասարաններում:
Ի՞նչ է հուշում հեքիաթի սյուժեն, և արդյո՞ք կլինեն մեզ մանկուց ծանոթ կերպարներ, թե՞ բոլորովին նորեր։
Նազելի Տերտերյան - Այս նոր հեքիաթային արկածում Ամանորից ընդամենը մի քանի ժամ առաջ փերիներն ու խաղալիք-կենդանիները փորձում են իրենց բարության ու սիրո շնորհիվ վերադարձնել չար վհուկի կողմից խաթարված կախարդանքը։ Բոլոր հերոսների և Ձմեռ պապի համար գլխավորն այն է, որ ոչ մի մութ ուժ ի վիճակի չէ չեղարկել, խափանել կամ ոչնչացնել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը: Ոչ ոք չի կարող խոչընդոտ լինել կախարդական պարահանդեսը փերիների, հրեշտակների, տոնածառի խաղալիքների, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ անցկացնելուն:
Մանկուց մեզ ծանոթ հերոսներ ու նոր կերպարներ, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտություն, վարպետորեն կատարվող պարային համարներ, յուրօրինակ դեկորացիաներ և բեմական էֆեկտներ՝ այս ամենը հիասքանչ սառցե ներկայացման մեջ:
Նման ելույթներին մասնակցելու համար մարզիկները պետք է թույլտվություն ստանան ՀՀ գեղասահքի ազգային ֆեդերացիայից։ Ո՞վ է որոշում նման տեխնիկական հարցերը, որոնք մեր երկրում բավականին բարդ գործընթաց են։
Նազելի Տերտերյան - Մարզիկների մասնակցության թույլտվությունների հարցերը բոլոր պատկան ատյանների հետ կարգավորում է ԱՊՊԱ-Պրո ընկերությունը։
Շոուի մասնակիցները միայն հայ գեղասահորդներ կլինե՞ն, թե՞ կլինեն նաև հրավիրված հյուրեր։
Նազելի Տերտերյան - Շոուի յուրահատկությունը նաև հենց նրանում է, որ Ամանորյա տրամադրության անկրկնելի տեսարանը ստեղծվում է մի թիմի ջանքերով, որը շոուի մասնակից է դարձրել հայաստանցի տաղանդավոր մարզիկ-գեղասահորդների և բարձրակարգ չմշկորդների, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիկ է հրավիրված Իսրայելից:
Խնդրում եմ պատմել, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին ամանորյա տոների ընթացքում։
Նազելի Տերտերյան - Հատուկ գրաֆիկական լուծումների, դեկորացիաների և ցնցող բեմական զգեստների միջոցով ԱՊՊԱ Պրո-ն ստեղծում է միանգամայն յուրահատուկ և հեքիաթային մթնոլորտ, որը կհիացնի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասկաներին։ Այս շոուն լինելու է բացառիկ։ Այն հռչակավոր կոմպոզիտորների երաժշտության և սառույցի սիներգիա է՝ մարմնամարզության, կրկեսային հնարքների և մուլտիմեդիայի համադրությամբ։
Ինչպե՞ս ծնվեց նման նախագիծ իրականացնելու գաղափարը և ինչո՞ւ հենց այս հեքիաթն ընտրվեց։
Նազելի Տերտերյան - Ալենի տեսակի կորուստը անդառնալի էր ոչ միայն մեր ընտանիքի, այլև՝ հայրենիքի համար։ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո որոշեցի հակառակ գնալ ճակատագրին ու իրականացնել այն, ինչը չհասցրեց անել որդիս՝ արմատավորել «ԱԼԵՆՅԱՆ» արժեհամակարգը մեր հասարակությունում։ Ինչո՞ւ այս հեքիաթը, որովհետև այն Բարության և Ներելու հզոր ուժի մասին է, ինչը մեզ այսօր շատ է պակասում։ Այս գեղեցիկ պատմությունն, անշուշտ, կջերմացնի հանդիսատեսի սրտերն ու կլցնի հավատով ու խանդավառությամբ:
Ո՞ւմ համար է ստեղծվում այս բացառիկ նախագիծը, երեխաների՞, մեծահասակների՞, թե՞ բոլորի։
Նազելի Տերտերյան-Ալենը կարծում էր, որ հեքիաթը մարդու հետ պետք է լինի մշտապես, ուղեկցի նրան ողջ կյանքի ընթացքում՝ անկախ տարիքից: Նա վստահ էր, որ հեքիաթը և՛ փոքրերի համար է, և՛ մեծահասակների, ուստի այն մնայուն արժեք է՝ առանց տարիքային սահմանափակման: «Նոր հրաշքի նախօրեին» սառցե ներկայացումը Հայաստանի երեխաների և պատանիների նոր սերնդի համար է: Այն հիանալի գեղասահքի, շքեղ բեմական զգեստների և աներևակայելի գեղեցիկ երաժշտության համադրություն է, որ հավասարապես կարող են վայելել նաև մեծահասակները։
Նման գունեղ շոուն ենթադրում է բացառիկ կոստյումներ։ Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպես եք աշխատելու և հատկապես ինչի՞ վրա եք շեշտը դրել։
Նազելի Տերտերյան - Ներկայացման վառ կերպարների ստեղծման վրա աշխատում են հայ վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ:
Կա՞ մի բան, որ հատկապես կարևորում եք ձեր աշխատանքում։
Նազելի Տերտերյան – Ալենի տեսակի կարիքը Երկիր մոլորակն ու ամբողջ մարդկությունն ունի, մեր երկիրը՝ հատկապես: Կրթության, գիտության և մշակույթի մեծ ջատագով էր: Ամուր որոշում ուներ. Հարվարդի համալսարանը ավարտելուց հետո վերադառնալ և Հայաստանում ներդնել բոլորովին նոր կրթական համակարգ: Ալենը շատ-շատ անելիք ուներ այս աշխարհում։ Ալենյան գաղափարախոսության և առաքելության մի փոքրիկ հյուլե ներդրած կլինեմ, եթե գեթ մեկ երեխայի սրտում Ալենի կերպարի միջոցով սերմանեմ սեր դեպի կրթությունը, գիտությունն ու արվեստը: Իհարկե դրանով ինձ համար Ալենի պակասը չի լրացվի, բայց մեր հայրենիքի համար․․․ նոր Ալեններ գալու են։
Նման շոուն ենթադրում է բացառիկ մոտեցում։ Սա շատ դժվար խնդիր է ռեժիսուրայի և պարարվեստի ոլորտում, ո՞ւմ հետ եք համագործակցում, խնդրում են ներկայացնել։
Նազելի Տերտերյան - Նախագծի ստեղծումը վստահվել է մի ընկերության, որը ոլորտի առաջատարներից է։ Պրոդյուսեր Զարինե Մխեյանը մշտապես աջակցել է Հայաստանում գեղասահքի զարգացմանը։ Նրա օգնությամբ պարբերաբար Հայաստան են ժամանում գեղասահքի օլիմպիական չեմպիոններ, գեղասահքի վարպետներ, ովքեր վարպետության դասեր են կազմակերպում սկսնակ գեղասահորդների համար: Դա հիանալի խթան է այդ գեղեցիկ սպորտաձևով զբաղվող երեխաների համար, հիանալի հնարավորություն շփվելով գեղասահքի աստղերի հետ՝ անմիջականորեն առնչվել նրանց տաղանդին և վարպետությանը, ստանալ նոր և արժեքավոր գիտելիքներ և ձեռք բերել ինքնավստահություն: Մեր նախագծի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Էմիլ Կարատն է, պարուսույց-բեմադրիչը Դմիտրի Լապշինը։
Ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիսատեսից և հատկապես «դրսի» հանդիսատեսից։
Նազելի Տերտերյան – Ամենից առաջ և գլխավորը՝ ես չափազանց երջանիկ կլինեմ, որ Ալենի հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուն ներթափանցի մարդկանց սրտերն ու հոգիները, պարուրի նրանց ջերմությամբ, սիրով ու բարությամբ, մղի լավ ու բարի գործերի, ստիպի խորհել, վերարժևորել իրենց ապրածն ու հետագա անելիքները: Չէ՞ որ մարդասիրությունը կօգնի փոխել աշխարհը՝ դարձնելով այն ավելի բարի ու խաղաղ:
Հուսով եմ շոուն արձագանք կստանա մարդկանց սրտերում, կշոյի նրանց զգացմունքները և անմոռանալի տպավորություններ կթողնի, և ամենակարևորը, բոլորիս Ալենի հեքիաթը կապրի։