Միջուկային զենքը կարող է արդյունավետ միջոց լինել Երկրին սպառնացող աստերոիդների դեմ պայքարում։ Աշխարհի տարբեր երկրներում գիտնականները հետևում են տիեզերական մարմինների շարժին և ուսումնասիրում Երկիրը դրանցից պաշտպանելու հնարավոր եղանակները։
Հիմնական տարբերակներից մեկը աստերոիդի հետագիծը փոքր-ինչ փոխելն է՝ թույլ տալով, որ այն անցնի Երկրի կողքով, մյուսը՝ այն ավելի փոքր բեկորների բաժանելը։
ԱՄՆ-ում իրականացված հետազոտության ընթացքում գիտնականները եռաչափ մոդելավորմամբ ուսումնասիրել են, թե ինչպես կարձագանքի մոտ 160 մետր տրամագծով աստերոիդը դրա հարևանությամբ միջուկային լիցքի պայթյունին։
Ամենաերկարատև մոդելավորման արդյունքում աստերոիդի նյութի մինչև 98%-ը վնասվել է, իսկ բեկորների 97%-ը շարժվել է աստերոիդի փախուստի արագությունից ավելի մեծ արագությամբ։
Սա վկայում է աստերոիդի ամբողջական քայքայման հնարավորության մասին։ Միաժամանակ պարզվել է, որ վճռորոշ նշանակություն ունի պայթյունի վայրը։
Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե արդյոք առաջացած բեկորները չափազանց մեծ չեն լինի և չեն շարունակի սպառնալիք ներկայացնել Երկրի համար։








