Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ մամուլում հիշատակված դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, այն նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել մանկատան տնօրինությունը։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Նրա փոխանցմամբ՝ հրապարակման մեջ հիշատակված դայակն ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակում։
«Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը»,- նշել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում բռնության դեպքերն անընդունելի են։
«Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- հայտարարել է նախարարի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում տարախվել էր, որ օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակներից մեկը բռնության է ենթարկել հաշմանդամություն ունեցող, քայլելու և խոսելու ունակություն չունեցող երեխայի։
Լրատվամիջոցներիի տեղեկություններով՝ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ նրա՝ հատակին ընկնելուց հետո շարունակել է հարվածել փայտով՝ մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի հատվածում։
Հայտնում էին նաև, որ վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը տեղյակ է եղել դեպքից և լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դայակը տնային կալանքի տակ է։








