Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի նոր կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կենսաչափական փաստաթուղթը պարզապես նոր անձնագիր չէ, այլ սահմանը հատելիս անձի թվային նույնականացման միջոց։
Նույնականացումն իրականացվելու է անձնագրում տեղադրված նոր սերնդի անտեսանելի չիպի միջոցով, որը փոխճանաչելի է լինելու ամբողջ աշխարհում։
Անդրադառնալով նոր անձնագրի և ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման գործընթացի կապին՝ նախարարը պարզաբանել է, որ ներկայիս անձնագրերի դեպքում եվրոպական սահմանապահը ստիպված է փաստաթուղթը թերթել և ուսումնասիրել, իսկ կեղծիքի հավանականությունը պահպանվում է։
Նոր կենսաչափական անձնագրի դեպքում նույնականացումն ու փաստաթղթի ստուգումը հնարավոր կլինի իրականացնել վայրկյանների ընթացքում։








