ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։
Ձերբակալվել է մեկ անձ և կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական կոմիտեի Աբովյանի բաժին։ Այս մասին AuroraNews-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։








