Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են եվրոպական ուղղությամբ ինտեգրման անհրաժեշտության, ԵԱՏՄ-ի արդյունավետության սահմանափակ լինելու կամ նույնիսկ այդ կառույցի ինքնալուծարման հնարավորության մասին, Մոսկվայից շարունակաբար հնչում են զգուշացումներ, իսկ վերջին շրջանում արդեն նկատելի են դարձել նաև տնտեսական որոշակի սահմանափակումներ՝ կապված հայկական արտադրանքի, հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ։ Պետք է արձանագրել, որ, անկախ քաղաքական գնահատականներից, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ստացել է շոշափելի տնտեսական օգուտներ։ Թվերը փաստում են, որ Հայաստանի արտահանման ծավալները վերջին տասնամյակում զգալիորեն աճել են, իսկ այդ աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը եղել է հենց ԵԱՏՄ միասնական շուկան։


Ի մասնավորի, ռուսական շուկան, իր ծավալներով, սպառողական պահանջարկով, լեզվամշակութային մոտությամբ և լոգիստիկ հարաբերական մատչելիությամբ, հայկական արտադրողների համար դարձել է առանցքային ուղղություն։ Ընդ որում, խոսքը միայն խոշոր ձեռնարկությունների մասին չէ։


Հայաստանի հազարավոր փոքր և միջին տնտեսվարողներ իրենց գոյությունը կապում են ռուսական շուկայի հետ։ Գյուղմթերք արտադրող ֆերմերներից մինչև պահածոների, ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, հրուշակեղենի, թեթև արդյունաբերության արտադրողներ՝ բոլորը զգալի չափով կախված են ԵԱՏՄ շուկայի հասանելիությունից։


Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, առաջին և ամենաուղղակի հետևանքը կարող է լինել միասնական մաքսային ռեժիմի կորուստը։ Այսօր հայկական ապրանքները ԵԱՏՄ տարածք են մուտք գործում առանց մաքսատուրքերի, պարզեցված վարչարարությամբ և միասնական տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում։


Միությունից դուրս գալու դեպքում այդ արտոնությունները կվերանան։ Հայկական արտադրողները ստիպված կլինեն բախվել լրացուցիչ մաքսային վճարների, սանիտարական և ֆիտոսանիտարական ավելի խիստ պահանջների, սերտիֆիկացման նոր ընթացակարգերի և վարչական բարդությունների։ Սա կբարձրացնի հայկական արտադրանքի ինքնարժեքը և կթուլացնի դրա մրցունակությունը։


Առավել խոցելի ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը սպառվում է հենց ռուսական շուկայում։ Հայկական ծիրանը, դեղձը, խաղողը, լոլիկը, պահածոները, հյութերը, գինին, կոնյակը և այլ ապրանքներ երկար տարիների ընթացքում ձևավորել են իրենց սպառողական նիշը Ռուսաստանում։


Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքը մրցունակ է ոչ միայն իր որակի, այլ նաև գործող արտոնյալ պայմանների շնորհիվ։ Եթե այդ պայմանները վերանան, ապա հայկական արտադրողները ստիպված կլինեն մրցել Թուրքիայի, Իրանի, Մարոկկոյի, Եգիպտոսի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սերբիայի և այլ երկրների արտադրողների հետ՝ առանց որևէ պաշտպանիչ մեխանիզմի։


Հայաստանի՝ փոքր ծավալներով և համեմատաբար բարձր ինքնարժեքով գյուղատնտեսությունը նման մրցակցության պայմաններում կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել։ Հաճախ հնչում է տեսակետ, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կարող է արագորեն վերակողմնորոշվել դեպի եվրոպական կամ այլ շուկաներ։


Սակայն տնտեսական իրականությունը շատ ավելի բարդ է։ Արտահանման շուկաները քաղաքական հայտարարություններով չեն ձևավորվում։ Շուկաներ ստեղծելը երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է տարիներ, երբեմն տասնամյակներ։


Անհրաժեշտ է ստեղծել լոգիստիկ ենթակառուցվածքներ, ապահովել որակի համապատասխանություն, հաստատել բիզնես կապեր, ներդնել մարքեթինգային ռազմավարություններ, ուսումնասիրել սպառողական նախասիրությունները և հաղթահարել բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներ։


Օրինակ՝ եվրոպական շուկան աշխարհի ամենամրցակցային շուկաներից մեկն է։ Այն ունի չափազանց խիստ ստանդարտներ՝ կապված սննդամթերքի անվտանգության, էկոլոգիական նորմերի, փաթեթավորման, հետագծելիության և որակի վերահսկման հետ։


Հայաստանի գյուղատնտեսության և վերամշակող ոլորտի զգալի հատվածը դեռևս լիարժեք պատրաստ չէ այդ պահանջներին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հայկական արտադրանքը կարողանում է մուտք գործել եվրոպական շուկա, արտահանման ծավալները հաճախ սահմանափակ են, իսկ մրցակցությունը՝ չափազանց ինտենսիվ։ Եվրոպայում հայկական արտադրանքը ստիպված է մրցել ոչ միայն տեղական արտադրողների, այլև աշխարհի գրեթե բոլոր խոշոր արտահանողների հետ։


Բացի արտահանման խնդիրներից, ԵԱՏՄից դուրս գալը կարող է բացասաբար ազդել նաև ներդրումային միջավայրի վրա։ Վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ ներդրումներ են իրականացրել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ և հնարավորություն է տալիս առանց մաքսային խոչընդոտների մուտք ունենալ մոտ 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Եթե այդ առավելությունը վերանա, ապա Հայաստանի ներդրումային գրավչությունը կարող է նվազել։ Հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանը դիտարկում են որպես հարթակ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար, կարող են վերանայել իրենց ծրագրերը։ Չի կարելի անտեսել նաև աշխատուժի ազատ տեղաշարժի հարցը։


ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում աշխատելու համար օգտվում են պարզեցված պայմաններից։ Նրանք ազատված են մի շարք բյուրոկրատական ընթացակարգերից, ունեն սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ և կարող են ավելի հեշտ ինտեգրվել աշխատաշուկային։ Եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն (կամ հեռացվի), ապա հնարավոր է, որ այնտեղ աշխատող հայ միգրանտները բախվեն լրացուցիչ սահմանափակումների։


Հաշվի առնելով, որ բազմաթիվ հայկական ընտանիքների եկամուտները շարունակում են կախված մնալ արտագնա աշխատանքի արդյունքում ստացվող փոխանցումներից, նման զարգացումը կարող է սոցիալական լուրջ հետևանքներ ունենալ։ Մեկ այլ կարևոր հանգամանք է էներգետիկ ոլորտը։ Հայաստանը զգալիորեն կախված է ներմուծվող էներգակիրներից, և ռուսական գազի գինը երկար տարիներ եղել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկը։


Թեև որևէ երաշխիք չկա, որ ԵԱՏՄ անդամակցությունն ինքնին ապահովում է արտոնյալ գներ, այնուամենայնիվ, տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը ցույց է տալիս, որ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալը կարող է անդրադառնալ նաև էներգետիկ համագործակցության պայմանների վրա։ Էներգակիրների գների նույնիսկ սահմանափակ աճը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, գնաճային ճնշումները և սոցիալական բեռը։


Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ ԵԱՏՄ անդամակցությունը և տնտեսական դիվերսիֆիկացումը հակասող գործընթացներ չեն։ Ընդհակառակը, բազմաթիվ երկրներ հաջողությամբ համատեղում են տարբեր տնտեսական ուղղություններ։ Հայաստանի համար առավել արդյունավետ ռազմավարությունը կարող էր լինել ոչ թե գործող շուկաների կորուստը, այլ դրանց պահպանման և նոր ուղղությունների զարգացման համադրումը։ Տնտեսական դիվերսիֆիկացումը չի ենթադրում հրաժարում արդեն գոյություն ունեցող շուկաներից։


Այն ենթադրում է նոր շուկաների ավելացում, ռիսկերի բաշխում և կախվածությունների աստիճանական նվազեցում։ Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, կարող էր և դեռ կարող է դառնալ յուրօրինակ տնտեսական կամուրջ տարբեր ինտեգրացիոն տարածքների միջև։ Մի կողմից՝ լինելով ԵԱՏՄ անդամ, իսկ մյուս կողմից՝ ունենալով Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչպես նաև զարգացնելով հարաբերությունները Մերձավոր Արևել քի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ Հայաստանը կարող էր ձևավորել բազմավեկտոր տնտեսական մոդել։ Այս պարագայում երկիրը կարող էր ոչ թե ընտրության առաջ կանգնել «կամ-կամ» տրամաբանությամբ, այլ օգտագործել բոլոր հնարավոր ուղղությունները՝ առավելագույն տնտեսական շահ ստանալու համար։


Հատկանշական է, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ փոքր տնտեսություններ ունեցող երկրները սովորաբար ձգտում են հնարավորինս շատ տնտեսական հարթակներում ներգրավված լինել, այլ ոչ թե սահմանափակել իրենց հնարավորությունները։ Փոքր և բաց տնտեսությունների համար շուկաների բազմազանությունը կենսական նշանակություն ունի։ Հայաստանի նման երկրի համար, որն ունի սահմանափակ ներքին շուկա, աշխարհաքաղաքական բարդ միջավայր և տրանսպորտային սահմանափակումներ, արտաքին շուկաների հասանելիության ցանկացած կորուստ կարող է զգալի տնտեսական ցնցումների պատճառ դառնալ։


Այս համատեքստում առավել նպատակահարմար կլինեին ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ կառույցի ինքնալուծարման մասին քաղաքական հայտարարությունները, «չի լինի, չի լինի» կարգի իբր «հումորները», այլ պրագմատիկ տնտեսական հաշվարկների վրա հիմնված քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսության շահերը պահանջում են առավելագույնս օգտագործել գործող ինտեգրացիոն հնարավորությունները, միաժամանակ հետևողականորեն աշխատելով նոր շուկաների, նոր գործընկերների և նոր ներդրումային ուղղությունների ձևավորման վրա։


Հակառակ դեպքում, եթե ԵԱՏՄ շուկան փակվի կամ զգալիորեն սահմանափակվի, Հայաստանի տնտեսությունը կարող է բախվել արտահանման կրճատման, ներդրումների նվազման, աշխատատեղերի կորստի, տնտեսական աճի դանդաղման և սոցիալական լարվածության աճի ռիսկերին, ինչը հատկապես վտանգավոր կլինի տարածաշրջանային ներկայիս անկայուն պայմաններում։


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում
21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Շտապ
Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում
Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Երևանում առաջինն է քվեարկել Պետդումայի ընտրություններում
Volkswagen-ի նոր էլեկտրամեքենան ստացել է լեգենդար Golf-ի բնավորությունը (Լուսանկարներ)
Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են
Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Կարևոր
Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան (տեսանյութ)
Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել
Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում
ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ)
Կարևոր
ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան

Լրացուցիչ նորություններ

...

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը