Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։
Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։
Հանդիպման ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ և ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։
Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։