ԱՄՆ-ի, Իսրայելի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Գազայի հարցով կարող է տեղի ունենալ Սարդինիայի ափերի մոտ գտնվող զբոսանավի վրա: Իտալական ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախատեսվում է քննարկել հնարավոր հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, ինչպես սպասվում է, կժամանի Օլբիա օդանավակայան, որից հետո նրան կնստեցնեն Գալուրա շրջանի ափերի մոտ (կղզու հյուսիս-արևելք) կայանված նավ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հուլիսի 23-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Ուիթքոֆը Իտալիայում կհանդիպի Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի և կատարցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ քննարկելու հրեական պետության և Գազայի հատվածում արմատական պաղեստինյան «Համաս» շարժման միջև հնարավոր հրադադարի համաձայնագրի մանրամասները։