Հայաստանի քրդերը Օջալանի կողքին են, բայց չեն համաձայնի նրա ուղերձի հետ:
Euromedia24-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր
Կնյազ Հասանովը՝ խոսելով Թուրքիայի քրդերի ազատագրական շարժման առաջնորդ, Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլա Օջալանի երեկվա ուղերձի մասին:
Կնյազ Հասանով. 03:27-03:46. «Բոլորը Օջալանի կողքն են, բոլորն էլ Օջալանին բալետ են անում: Բայց կհամաձայնվե՞ն այս ուղերձի հետ: Չէ, չեն համաձայնվի»:
Մի քանի օր շարունակ թուրքական ու միջազգային մամուլն ազդարարում էր, որ PKK-ի, - սա քրդերենով Քրդստանի աշխատավորական կուսակցության անվանման հապավումն է, - հիմնադիր, ցմահ դատապարտված և 99 թվականից Իմրալի կղզում բանտարկված Աբդուլա Օջալանը փետրվարի 27-ին հանդես է գալու պատմական ուղերձով: Քրդամետ ԴԵՄ («Հավասարության և ժողովորդավարության ժողովրդական») կուսակցությունից կոչ էին արել Դիարբեքիրի և Վանի իրենց կողմնակիցներին հավաքվել և համակ ուշադրությամբ հետևել Օջալանի «դարի ուղերձին»: Բայց մինչև վերջին պահը չէր հստակեցվում՝ ինչ ձևաչափով Օջալանը դիմելու իր կողմնակիցներին: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քուրդ պատգամավորները պահանջում էին, որ նրան թույլ տրվի տեսաուղերձով հանդես գալ, սակայն Թուրքիայի արդարադատության նախարարը բացառել էր այդ տարբերակը՝ նշելով, որ Թուրքիայի օրենսդրությունը բանտարկյալների տեսաուղերձների հնարավորության մասին ոչինչ չի ասում: Ի վերջո, կողմերը կանգ առան գրավոր հայտարարության և դրան կից լուսանկարի հրապարակման տարբերակի վրա:
Կնյազ Հասանովը պատմեց, որ թուրքական իշխանություններն Օջալանին խոստացել էին, որ պիտի հեռուստատեսությամբ խոսեր, սակայն խաբեցին և չպահեցին իրենց խոստումը: Ի՜նչ զարմանալի ու անհավատալի բան՝ «թուրքերը խաբեցին…»: Այս արտահայտությունը հայերիս էլ է շատ լավ ծանոթ մեր պատմության դառը փորձից: Ինչպես Վիկտոր Չեռնոմիրդինը կասեր. «Նման բան դեռ երբեք չէր եղել, և ահա նորից»: Բայց, լավ, շարունակենք մեր
պատմությունը:
Ի վերջո, Օջալանին է այցելել քրդամետ ԴԵՄ կուսակցության պատվիրակությունը, որը, Իմրալի կղզուց Ստամբուլ վերադառնալով, հրապարակել է Օջալանի ուղերձը և դրան կից լուսանկարը: Սա, ի դեպ, Օջալանի՝ 2015 թվականից ի վեր հրապարակված առաջին լուսանկարն է: Իսկ այդ «դարի ուղերձում», որը վերնագրված էր «Խաղաղության և ժողովրդավարական հանրության մասին կոչ», 1984 թվականից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող PKK-ի հիմնադիր Աբդուլա Օջալանը կոչ էր անում իր կողմնակիցներին զինաթափվել և ինտեգրվել թուրքական պետությանը:
«Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմում գործող բոլոր խմբերը պետք է վայր դնեն զենքերը: Այս կոչը ես եմ անում և ես եմ ստանձնում այս քայլի պատմական պատասխանատվությունը: Ես նաև դիմում եմ Քրդստանի աշխատավորական կուսակցության իմ ընկերներին՝ համագումար հրավիրելու և դրա ընթացքում կազմակերպության ինքնալուծարման մասին որոշում կայացնելու խնդրանքով»,- նշված է Օջալանի ուղերձում:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավարի խոսքով՝ զենքը վայր դնելու Օջալանի կոչը չի ընդունվել իր կուսակիցների կողմից: Կնյազ Հասանովը նաև հաղորդեց, որ տեղեկություններ կան, թե Օջալանը նաև այլ բաներ է ասել, բայց նրան այցելած քուրդ պատգամավորները միայն այդ մի քանի բառն են փոխանցել:
«Ինձ թվում է՝ դա սխալ է: Իր կուսակիցները և քուրդ ժողովուրդը չեն ընդունում», - հավելեց մեր զրուցակիցը:
Կնյազ Հասանովը համոզված է, որ Օջալանի այդ «խաղաղասիրական» կոչը թուրքական իշխանությունների ճնշման հետևանքն է: Քրդական համայնքի ղեկավարը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ թուրքերի ճնշմամբ ընդունված ուղերձը կարող է կապված լինել Սիրիայի հյուսիսում քրդերի ինքնավարության ձգտումների և դրա դեմ թուրքական պետության պայքարի հետ: Ըստ նրա՝ Օջալանն այդ կոչն արել է նաև Իսրայելի և Միացյալ Նահանգների ազդեցությամբ:
Կնյազ Հասանով. 01:38-01:55 + 02:08-02:35. «Իհարկե: Նրանք քրդերից էլ են մարդ ուղարկել, թե իբր հեռուստատեսությամբ պետք է խոսի, ու վերջում թույլ չտվեցին, որ խոսի: Դա մի քիչ... տարբեր պետությունների՝ Իսրայելի, Ամերիկայի ազդեցությունն է, որ պետք է Թուրքիան քրդերի հարցը լուծի: Մի քիչ դրանից են քաշվում, բայց խաբեցին»:
Կնյազ Հասանովի այս խոսքերը հաստատվում են այն փաստով, որ Միացյալ Նահանգները ողջունել է Օջալանի կոչը: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հուքսն ասել է, որ այն կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին:
Թուրքիայում ներկայումս, տարբեր գնահատականներով, ապրում է մոտ 15 միլիոն քուրդ, որոնց մեծ մասը բնակվում են Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, այսպես կոչված՝ Անատոլիայում: Բացի այդ, միլիոնավոր քրդեր կան նաև Իրանում, Իրաքում և Սիրիայում:
Իս ի՞նչ վիճակում է քրդական շարժումն ու քրդերի զինված պայքարը թուրքական պետության դեմ Հայաստանի պատմական հողերում: Հարցին Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը պատասխանեց հակիրճ, լակոնիկ, բայց շատ կոնկրետ՝ «շատ լավ վիճակում է»:
Արամ Սարգսյան
Արարատ Գրիգորյան
Euromedia24