Աֆղանստանի արևելյան Պակտիկայի նահանգում 46 մարդ է զոհվել աֆղանապակիստանյան սահմանի մոտ՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդին։
«Երեկ (դեկտեմբերի 24-ին) երեկոյան պակիստանցիները հարվածներ են հասցրել Պակտիկայի նահանգի Բարմալի շրջանին։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 46, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են», – ասել է նա՝ հավելելով, որ ևս վեց մարդ վիրավորվել է։
Դեկտեմբերի 24-ին թալիբների պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակտիկայի նահանգին։ Գերատեսչությունում դատապարտել են պակիստանյան կողմի գործողությունները՝ ընդգծելով, որ դրանք խախտում են միջազգային նորմերը և «որևիցե խնդիր չեն լուծում»։
Նաև պաշտպանության նախարարությունում հավաստիացրել են, որ միջադեպն «անպատասխան չի մնա»: