Կանադայում ամեն օր կանեփ օգտագործող չափահասների թիվը գնահատվում է 1,81 միլիոն՝ չափահաս բնակչության 5,7 տոկոսը։ Ամեն օր ալկոհոլ է օգտագործում 5,2 տոկոսը։
Նոյեմբերի 23-ին Կանադայի բժշկական ասոցիացիայի հանդեսում հրապարակված հետազոտությունը հիմնված է 2023–2024 թվականներին անցկացված առողջապահական հարցման շուրջ 100 հազար մասնակցի պատասխանների վրա։ Տարիքային տարբերությունը հատկապես տեսանելի է երիտասարդների շրջանում։
Մինչև 35 տարեկան չափահասների համար կանեփ ծխելն ամենօրյա սովորություն է գրեթե նույնքան հաճախ, որքան սովորական սիգարետ ծխելը։ Իսկ ամեն օր կանեփ օգտագործողների 68 տոկոսը հենց ծխելն է նշել որպես օգտագործման հիմնական եղանակ։ Հեղինակների գնահատմամբ՝ այս թվերը հիմք են տալիս երիտասարդներին ուղղված կանխարգելման ծրագրերում կանեփին նույն ուշադրությունը դարձնելու, ինչ ալկոհոլին ու ծխախոտին։








