Սիրիան քննարկում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը միավորող Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հնարավորությունը։ Այս մասին, ըստ Anadolu գործակալության, Բահրեյնում ընթացող «Մանամյան երկխոսություն» միջազգային համաժողովում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շիբանին։
«Ներկայումս քննարկումներ են ընթանում՝ Մեքքայի դաշինքին Սիրիայի անդամակցության հնարավորությունը գնահատելու համար»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Սիրիան տարածաշրջանային անվտանգության համակարգի անբաժանելի մասն է և կսատարի տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ցանկացած մեխանիզմի։ Աշ-Շիբանին ընդգծել է նաև զսպման ու պաշտպանության համատեղ համակարգերի զարգացման անհրաժեշտությունը։
Եռակողմ պաշտպանական համաձայնագրի կնքման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը հայտարարել էին 2026 թվականի օգոստոսին։ Փաստաթղթով նախատեսվում է, որ երկրներից մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում երեք մասնակիցների վրա։ Համաձայնագիրը ենթադրում է նաև պաշտպանության ոլորտում համագործակցության խորացում, հետախուզական տվյալների փոխանակում, զինվորականների համատեղ պատրաստում և պաշտպանական ձեռնարկությունների փոխգործակցություն։
Առայժմ Դամասկոսը որոշում կայացնելու կամ դաշինքին պաշտոնապես անդամակցելու մասին չի հայտարարել։ Օգոստոսին աշ-Շիբանին արդեն ասել էր, որ Սիրիան ուսումնասիրում է այդ հարցը և կկողմնորոշվի ավելի ուշ։ Հնարավոր միացումը հերթական քայլը կդառնար 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո Սիրիայի նոր ղեկավարության և տարածաշրջանային տերությունների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ։








