Միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը կարծում է, որ արևմտյան երկրների առաջնորդները պետք է արձագանքեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները միջամտություն են Հայ Առաքելական եկեղեցու գործերին։ Ամստերդամը նախկինում ևս հանդես է եկել հայկական եկեղեցու պաշտպանության դիրքերից և համեմատել իրավիճակը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ տեղի ունեցած գործընթացների հետ։
Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները փորձում են Հայ Առաքելական եկեղեցին ենթարկել պետական կառավարման համակարգին՝ անտեսելով դրա շուրջ 1700-ամյա պատմությունն ու դերը։ Նա պնդում է, որ եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողությունները հակասում են եվրոպական իրավունքի և կրոնական ազատությունների սկզբունքներին։
Ամստերդամը նաև նշել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը չպետք է լռեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ հարցը դուրս է գալիս Հայաստանի ներքին քաղաքականության շրջանակներից և առնչվում է կրոնական ազատության ու եկեղեցու ինքնավարության պահպանմանը։








