Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքական ղեկավարությանը» և ապահովել նրանց վերադարձի իրավունքը:
Համանախագահները նամակն ուղարկել են՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը՝ հուլիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ Սպիտակ տանն ունեցած իրհանդիպման ժամանակ, որի ընթացքում նա նշել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է մոտ լինել:
Նամակում ընդգծվում է, որ արցախահայերի «վերադարձի իրավունքը և մշակութային խնդիրները մնում են չլուծված», և կոչ է արվում Միացյալ Նահանգներին «սատար կանգնել ճշմարիտ ու արդար լուծմանը», որը կներառի «անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձ»:
Ընդգծվում է նաև, որ «լիարժեք, կայուն խաղաղությունը պետք է ներառի Հայաստանի Հանրապետության համար հուսալի անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի լիակատար դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչպես նաև հստակ հետևանքներ՝ ցանկացած համաձայնագրի խախտման համար»։
Պետքարտուղար Ռուբիոյին ուղղված այս նամակը հաջորդել է համանախագահների կողմից նախագահ Թրամփին ավելի վաղ ուղղված նամակին, որում նաև կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, ապահովել հայ ժողովրդի համար անվտանգության ամուր երաշխիքներ, Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի խախտման դեպքում խիստ հետևանքների առաջացում, ինչպես նաև արցախահայերի վերադարձի հիմնարար իրավունքի երաշխավորում։