Մարտի 20-ին Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում․«Հարգելի՛ տնօրեն, դեսպան Գուրգել Վալենչի դա Կոստա,Շնորհակալ եմ Ձեր ներածական խոսքի համար:Հարգելի՛ հյուրեր,Տիկնայք և պարոնայք,Ինձ համար պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև՝ Ռիո Բրանկոյի ինստիտուտում, որը հայտնի է Բրազիլի դիվանագիտական տեսլականի ձևավորման մեջ ունեցած կարևոր դերով և համաշխարհային հարցերի շուրջ քննարկումներում իր ունեցած ներդրումով։
Շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության և Բրազիլի Դաշնային Հանրապետության միջև խորացող կապերը, անդրադառնալու մեր ընդհանուր արժեքներին և գործընկերության խոստումնալից ապագային, ինչպես նաև բացահայտելու այն դերը, որ մեր երկու երկրները կարող են ունենալ բազմակողմ համագործակցության և կայուն զարգացման խթանման գործում։ Այս համատեքստում հատկապես հաճելի է նշել, որ մեր ընդլայնվող համագործակցության վկայությունն է Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրը, որը երեկ ստորագրվել է իմ և նախարար Վիեյրայի կողմից։
Ներգրավվածության ընդլայնում Հարավային Ամերիկայում
Հայաստանի ռազմավարական կապը Հարավային Ամերիկայի հետ, որտեղ Բրազիլը հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը, մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։ Միայն 2024 թվականին մենք ակտիվացրեցինք փոխգործակցություն Արգենտինայի, Ուրուգվայի, Մեքսիկայի և Պերուի հետ, ինչը հանգեցրեց բարձր մակարդակի այցերի և քաղաքական խորհրդակցությունների։ Անցյալ տարի մենք բացեցինք ռեզիդենտ դեսպանություն Մոնտեվիդեոյում, միաժամանակ դեսպաններ հավատարմագրեցինք Հարավային Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում։ Այս քայլերը վկայում են ավելի լայն և ակտիվ ներկայություն ունենալու մեր
Գործընկերություն՝ հիմնված պատմության և ընդհանուր արժեքների վրա
Մեր դիվանագիտական հարաբերությունները սկիզբ առան 1991 թվականին, երբ Բրազիլը դարձավ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին լատինաամերիկյան երկրներից մեկը։ Այս կարևոր քայլին հաջորդեց 2006 թվականին Բրազիլի կողմից Երևանում առաջին հարավամերիկյան ռեզիդենտ դեսպանության բացումն, ինչը Հայաստանի կողմից փոխադարձվեց 2010 թվականին՝ Բրազիլիայում մեր ռեզիդենտ դեսպանության բացմամբ։
Այս 34 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և համագործակցության հարուստ խճանկարի։Սակայն մեր կապերի արմատները շատ ավելի խորն են՝ հյուսված Բրազիլի հայ համայնքի կողմից, որը բարգավաճում է այստեղ դեռևս 19-րդ դարի վերջից:Այս համայնքը, որն այսօր հաշվում է շուրջ 40,000 մարդ, անջնջելի հետք է թողել Բրազիլում: Առևտրից մինչև ակադեմիական ոլորտ, մշակույթից մինչև հանրային ծառայություն, բրազիլահայերը մշտապես աչքի են ընկել իրենց հաջողություններով: Հայկական տոկունության և բրազիլական կենսունակության միաձուլումը կենդանի կամուրջ է Երևանի ու Բրազիլիայի միջև: Հատկանշական է, որ հայերը լայնորեն ներկայացված են նաև Բրազիլի դիվանագիտական ծառայությունում․ շուրջ տասը բրազիլացի դեսպաններ՝ գործող կամ նախկին, հայկական արմատներ ունեն։Իհարկե, մեր գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքները:
Հայաստանը և Բրազիլն, ունենալով ամուր քաղաքացիական հասարակություններ, պաշտպանում են ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ սկզբունքներ, որոնք փորձության են ենթարկվել և վերահաստատվել մեր երկրների անցած ճանապարհին։ Հայաստանի 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, խաղաղ հեղափոխությունը, որը վերականգնեց ժողովրդավարական կառավարման համակարգը, համահունչ է Բրազիլի հաղթանակին բռնապետության նկատմամբ։ Ժողովրդավարության հանդեպ այս ընդհանուր հանձնառությունը շարժիչ ուժ է մեր քաղաքական երկխոսության համար, որն ամրապնդվում է բարձր մակարդակի պարբերական շփումներով, որոնց միջոցով պաշտոնյաները համագործակցում են տարբեր մայրցամաքներում՝ խորացնելով փոխվստահությունը, փոխըմբռնումը և համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Հայաստանի Ազգային ժողովում և Բրազիլի Կոնգրեսում գործող խորհրդարանական բարեկամության խմբերն ամրապնդում են այս կապը՝ նպաստելով ավելի սերտ համագործակցությանը և արտացոլելով մեր ժողովուրդների միջև ձևավորված ամուր կապերը։Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Բրազիլի պատվիրակությունը 2024 թվականին Երևանյան երկխոսության ֆորումում ներկայացրեց նոր մոտեցումներ կառավարման և կայուն զարգացման հարցերում: Միևնույն ժամանակ, Հայաստանում Ամերիկյան պետությունների կազմակերպության Ամերիկյան մրցունակության փոխանակման միջոցառմանը Բրազիլի ակտիվ մասնակցությունը նպաստեց մեր տնտեսական կապերի խորացմանը։ Այս հարթակները ընդգծում են Բրազիլի կարևոր դերը միջազգային երկխոսության խթանման գործում, ինչը համահունչ է Ռիո Բրանկոյի ինստիտուտի առաքելությանը։
Մշակութային կապեր և ընդհանուր հետաքրքրություններ
Դիվանագիտությունից անդին՝ մշակույթը մի անխախտելի կապ է հյուսում մեր միջև։ Հայերը վաղուց հիացել են Բրազիլի արվեստով՝ նրա սամբայի ռիթմերով, կարնավալի գույներով և գրականության մեծություններով, ինչպիսին է Մաշադու դե Ասիսը։ Իր հերթին, հայկական ավանդույթները՝ մեր հնագույն ձեռագրերը, հուզիչ մեղեդիներն ու անկոտրում ոգին, գտել են գնահատող լսարան այստեղ։ Ամենանշանակալի պահերից մեկը 2024 թվականին էր, երբ Բրազիլում Հայաստանի դեսպանությունը կազմակերպեց Հայաստանի երաժշտական հսկա Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգը։ Խաչատրյանի սերտ կապերը Կլաուդիո Սանտորոյի հետ, ով Բրազիլի կոմպոզիտորական մեծություններից էր, վկայում են մեր ժողովուրդների միջև առկա բնական հոգևոր մտերմության մասին։Իհարկե, կա նաև ֆուտբոլը՝ համաշխարհային լեզու, որը մեզ միավորում է մեծ եռանդով։ 1990-ականներին, 2000-ականների սկզբին և մինչև այսօր, հայաստանցի երեխաներն ու մեծահասակները հավաքվում են հեռուստացույցների շուրջ՝ ոգևորությամբ աջակցելով Բրազիլի ոսկե թիմերին։ Աշխարհի գավաթի յուրաքանչյուր հերթական հաղթանակ դրոշմել է Բրազիլը մեր ընդհանուր երևակայության հիշողության մեջ՝ դարձնելով այդ անունն ուրախության և վարպետության հոմանիշ։ Այս համընդհանուր եռանդը սահմաններ չի ճանաչում՝ բորբոքելով քննարկումներ թե՛ Երևանի սրճարաններում, թե՛ Ռիոյի փողոցներում։ Սա հիշեցնում է, որ մեր կապերը ոչ միայն ինստիտուցիոնալ են, այլև խորապես մարդկային։
Տնտեսական հնարավորություններ և կապակցվածություն
Բրազիլն աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկն է, մինչդեռ Հայաստանը վերջին տարիներին ցուցադրել է նշանակալի տնտեսական աճ: Կա մեր երկկողմ առևտուրն ընդլայնելու զգալի ներուժ և փոխադարձ հետաքրքրություն:Հաղորդակցության ուղիների ապահովումը կարևոր բաղադրիչ է առևտրի զարգացման համար։ Մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային և միջմայրցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը։ Հայաստանը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, եզակի հնարավորություններ է ստեղծում լոգիստիկայի և առևտրային համագործակցության համար։Թեև առևտրի ծավալները մնում են համեմատաբար համեստ, մենք հանձնառու ենք ընդլայնելու առևտրային կապերը՝ դյուրացնելով բիզնեսից բիզնես ուղիղ կապերը:
Այս համատեքստում «Enterprise Armenia» և «Ապեքս Բրազիլ»-ի միջև համագործակցությունը հեռանկարային քայլ է՝ ուղղված մեր տնտեսական փոխգործակցության խորացմանը։Բարձր տեխնոլոգիաները, գիտությունը, ճարտարագիտությունը և հետազոտությունն ու մշակումը (R&D), զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, ավիացիան և տիեզերական տեխնոլոգիաները, ինչպես նաև լոգիստիկան առանձնանում են որպես գործընկերության համար խոստումնալից ուղղություններ: Երեկ իմ գործընկեր նախարար Վիեյրայի հետ մենք հնարավորություն ունեցանք քննարկելու կոնկրետ քայլեր՝ ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Բրազիլի միջև այս առանցքային ոլորտներում:
Համագործակցություն գլոբալ հարթակներում և ընդհանուր մարտահրավերներ
Հայաստանն ու Բրազիլն ակտիվ և լսելի դերակատարներ են բազմակողմ հարթակներում՝ ներառյալ ՄԱԿ-ը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ։ Միասին մենք աջակցել ենք միմյանց թեկնածություններին և նախաձեռնություններին՝ միջազգային հարթակներում ցուցադրելով ընդհանուր հանձնառություն խաղաղության, ժողովրդավարության և կայուն զարգացման խթանմանը: Բրազիլի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (2022-2023 թթ.) երկրի գլոբալ առաջնորդության վկայություն էր, և Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրազիլի հետ ապագա բազմակողմ ջանքերում։Հայաստանն ու Բրազիլն ընդունում են կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարելու համար համակարգված գործողությունների հրատապ անհրաժեշտությունը։ Մենք անհամբեր սպասում ենք սերտ համագործակցությանը Կլիմայի փոփոխության COP30-ի շրջանակներում, որը կկայանա Բելեմում 2025 թվականին, և Կենսաբազմազանության COP17-ի շրջանակներում, որը Հայաստանը կհյուրընկալի Երևանում 2026 թվականին։ Այս հարթակները կարևոր հնարավորություններ են ընձեռում փորձի փոխանակման, կայուն զարգացման քաղաքականության իրականացման և զարգացող երկրների ձայնն ավելի լսելի դարձնելու համար։Հայաստանն ու Բրազիլը կիսում են ավելի արդար և ներառական աշխարհակարգի ընդհանուր տեսլականը։ Մենք ողջունում ենք Սովի և աղքատության դեմ համաշխարհային դաշինքի ստեղծումը, և մեզ համար պատիվ էր միանալ այս նախաձեռնությանը որպես հիմնադիր անդամ։
Սովը և աղքատությունը վերացնելու մեր հանձնառությունը համահունչ է պարենային անվտանգության և կայուն գյուղատնտեսության ոլորտում Բրազիլի առաջնորդությանը։Բացի այդ, Հայաստանը պատրաստ է համագործակցել Բրազիլի հետ Գլոբալ կառավարման բարեփոխումների գործողության կոչի շրջանակներում: Համաշխարհային որոշումների ընդունման համակարգը պետք է զարգանա՝ արտացոլելու ժամանակակից իրողություններն՝ ապահովելով ավելի լայն ներկայացվածություն և առավել արդյունավետ մոտեցում գլոբալ մարտահրավերների լուծմանը։Հայաստանը հանձնառու է նաև կառուցողական դեր ունենալու Գլոբալ Հարավի ձևաչափում ընթացող քննարկումներում։
Միջազգային հարաբերությունների փոփոխվող դինամիկան պահանջում է զարգացող տնտեսությունների միջև ավելի սերտ համագործակցություն, և մենք համոզված ենք, որ Հայաստանը և Բրազիլը կարող են համատեղ ջանքերով նպաստել կայուն զարգացմանը, ներառական աճին և բազմակողմ որոշումների կայացման գործընթացին, որը կարտացոլի բոլոր ազգերի ձգտումները:
Տարածաշրջանային հարաբերություններ, Հայաստանի խաղաղության և գործընկերության տեսլականը
Տիկնայք և պարոնայք,Այսօրվա աշխարհը ներկայացնում է ավելի ու ավելի բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտ, որը ձևավորվում է հակամարտությունների, անվտանգության աճող ռիսկերի, մարդու իրավունքների խախտումների, հումանիտար արտակարգ իրավիճակների, բնապահպանական մարտահրավերների, մատակարարման շղթայի խափանումների ազդեցությամբ և պարենային անվտանգության հետ կապված մտահոգությունների աճով: Այս ամենը նոր հարթություններ է հաղորդում միջազգային հարաբերություններին, որոնցում մենք պետք է կողմնորոշվենք:Այնուամենայնիվ, չնայած այս ահռելի մարտահրավերներին և անվտանգության մշտական սպառնալիքներին, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը:
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի։Այս հիմնարար ընկալմամբ Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում: Այսօր մենք, ավելի քան երբևէ, մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի պաշտոնական միջպետական հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու պարտավորությունների վրա։Անցյալ շաբաթ մենք արձանագրեցինք էական առաջընթաց մեր բանակցություններում. համաձայնվելով Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին, Հայաստանը ճանապարհ հարթեց տեքստի վերջնականացման համար:
Այժմ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք այն անհապաղ ստորագրելու հարցում և առաջարկում է հնարավորինս շուտ նախաձեռնել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ սահմանելու այս պատմական համաձայնագրի պաշտոնական ստորագրման վայրը, ժամանակը, ինչպես նաև այլ գործնական մանրամասները:Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ այլ կարևոր զարգացում էր սահմանազատման վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված առանցքային համաձայնությունը, որով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչվեց որպես սահմանազատման հիմնարար սկզբունք։ Այս հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային Միության փլուզման պահին Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների գոյություն ունեցող սահմանները դարձան համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ: Մինչ օրս մենք հաջողությամբ սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և հետևողականորեն աշխատում ենք հետագա առաջընթացի ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանը։Կարգավորման այս համապարփակ գործընթացում Հայաստանը նաև ներկայացրել է կոնկրետ և փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնք նախատեսում են պարզեցնել սահմանահատման ընթացակարգերը և ներդնել լրացուցիչ մեխանիզմներ՝ բեռների անվտանգության ապահովման համար։ Այս առաջարկները կստեղծեն հնարավորություն, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը փոխադարձաբար օգտվեն միմյանց երկաթուղային ցանցերից՝ խթանելով կայուն տնտեսական համագործակցությունը։Մեր մոտեցումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նորարարական նախաձեռնությունում, որն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։
Այս տեսլական ունեցող նախագիծը նպատակ ունի բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական ցանցեր, հիմնված՝ ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա: Բազմաթիվ երկրներ, թե՛ մեր անմիջական տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս, ճանաչում են «Խաղաղության խաչմերուկը» որպես կենսական կապ իրենց սեփական տրանսպորտային և լոգիստիկ ծրագրերի հետ՝ ընդգծելով դրա հեռուն գնացող գլոբալ ազդեցությունը:Չնայած այս զգալի առաջընթացին, որին մենք հասել ենք, պետք է նշել, որ ադրբեջանական կողմից ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է, որն ուղեկցվում է ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման վերջին օրերի կեղծ մեղադրանքներով։
Ուզում եմ ընդգծել, որ այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են, ինչի մասին վկայում են նաև ԵՄ դիտորդները, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ մեր պետական սահմանի երկայնքով։ Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ չունի և հետևողականորեն հանդես է եկել նման պնդումների հետաքննության մեխանիզմի ստեղծման օգտին, ինչին Ադրբեջանը դեռևս պետք է արձագանքի: Բացի այդ, Հայաստանը նաև կառուցողական նախաձեռնություններ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի միջոցառումների վերաբերյալ։
Ցավոք, Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկներին ևս։Կայուն խաղաղության համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է հետևողականորեն խթանեն փոխվստահությունն ու երկխոսությունը։ Այս գործընթացում դրական ներդրում կարող էր ունենալ չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը՝ ներառյալ հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհայտ կորածների և բռնի անհետացումների դեպքերի արդյունավետ քննությունը։Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության ժամանակը հիմա է, և եթե տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար Հայաստանի ուժեղ քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված և ցանկալի խաղաղության:Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ գործընթաց, որը մենք համարում ենք վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։
Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ թռիչքների հաստատմամբ և օդային բեռնափոխադրումների սահմանափակումների վերացմամբ: Հայաստանը նաև ավարտել է Թուրքիայի հետ «Մարգարա» սահմանային անցակետի կառուցման և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և այժմ այն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողության ներքո։ Այս անցակետը վերջին տարիներին արդեն բացվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ հանդիպումները Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև, ինչպես նաև իմ քննարկումները երկրի արտգործնախարարի հետ։
Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը` դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կընձեռեն ինչպես մեր երկրներին, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանին:Անդրադառնալով մեր ավելի լայն տարածաշրջանային հարաբերություններին՝ ես պետք է ընդգծեմ մեր խորը և շարունակաբար զարգացող գործընկերությունը Վրաստանի և Իրանի հետ։ 2024 թվականին մենք պաշտոնապես բարձրացրեցինք մեր գործընկերությունը Վրաստանի հետ ռազմավարական մակարդակի՝ արտացոլելով մեր կապերի՝ մինչ այդ էլ ձևավորված ամուր բնույթը։
Իրանի հետ մեր համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ։ Հիմնական ենթակառուցվածքային նախագծերն ընդգծում են մեր հաստատակամ հավատարմությունը՝ բարելավելու տարածաշրջանային փոխկապվածությունը: Մեզ համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է նաև իր ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միութայն հետ։
Երկու ամիս առաջ մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք Ռազմավարական գործընկերության համապարփակ կանոնադրությունը, որը պատմական կարևոր իրադարձություն է մեր համագործակցության համար. հարաբերություններ, որոնք շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի վկայությունն է բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական, կառուցողական ներգրավվածությունը:Եվրոպական միության հետ մենք ներկայումս բանակցում ենք նոր և հավակնոտ Գործընկերության օրակարգի շուրջ, որն արտացոլում է մեր հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Ավարտվելուց հետո այն էլ ավելի կմոտեցնի Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին՝ լիովին համահունչ Հայաստանի ժողովրդի ձգտումներին։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը մինչև 2027 թվականը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, առանցքային կայունացնող դեր է խաղում սահմանային շրջաններում՝ արդյունավետորեն նվազեցնելով էսկալացիայի ռիսկերը։ Բացի այդ, ԵՄ-ի կողմից 2024 թվականի հուլիսին ընդունված կարևոր որոշումները՝ տրամադրել աջակցություն Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում և նախաձեռնել վիզայի ազատականացման գործընթացի շուրջ բանակցություններ, նշանակալից առաջընթաց են մեր զարգացող գործընկերության մեջ:
Մենք հետևողականորեն խորացնում ենք համագործակցությունը Հնդկաստանի, Չինաստանի և այլ գլոբալ գործընկերների հետ։ Մինչ այստեղ գալը, ես այցելել էի Նյու Դելի, որտեղ մենք քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման հարցում հսկայական ներուժի իրացման հնարավորությունները:Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք ունենք լավ տնտեսական համագործակցություն Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հետ:
Ըստ էության, Հայաստանը վարում է արտաքին քաղաքականություն, որը և՛ ռազմավարականորեն հավասարակշռված է, և՛ ակտիվորեն ներգրավված, որը ձգտում է պահպանել տարածաշրջանային կայունությունը՝ միաժամանակ ընդլայնելով մեր երկրի և ավելի լայն տարածաշրջանի համար կարևոր հնարավորությունները: Մեր տեսլականը հստակ է և հետևողական՝ խաղաղ, կապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս՝ լիովին ինտեգրված համագործակցային գլոբալ շրջանակներին:
Եզրակացություն
Հայաստանի և Բրազիլի միջև բազմաշերտ գործընկերությունը կառուցված է պատմական կապերի, մշակութային ընդհանրության և ժողովրդավարական սկզբունքների ամուր հիմքի վրա:
Մեր երկրները միասնական են խաղաղության, կայունության և կառուցողական գլոբալ համագործակցության հարցում իրենց հաստատակամ հավատարմության մեջ: 21-րդ դարի բարդ մարտահրավերների միջով նավարկելիս, ես խորապես համոզված եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ծաղկել՝ ստեղծելով դիվանագիտության, առևտրի, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի կայունության և շատ այլ ոլորտներում համագործակցության համար նորարարական հնարավորություններ:
Օբրիգադու։ Շնորհակալություն»: